Ինչքան էլ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խնդրում էր չքաղաքականացնել բյուջետային քննարկումները, դա գործնականում հնարավոր չէ:

 

Աշխարհի բոլոր երկրներում բյուջեն համարվում է տարվա ամենակարևոր փաստաթուղթը, որի նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն դառնում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները սահմանագծողը: Բյուջետային քննարկումների հետևանքով կոալիցիաներ են քանդվում, կառավարություններ պաշտոնանկ արվում, նույնիսկ խորհրդարաններ են լուծարվում:

 

Եթե կուզեք, բյուջետային քննարկումները, դրանց նկատմամբ վերաբերմունքն են իրականում որոշում այս կամ այն կուսակցության իշխանություն կամ ընդդիմություն լինելն, ոչ թե դեկլարատիվ հայտարարություններն ու ԱԺ կանոնակարգը:

 

Հիմա Հովիկ Աբրահամյանն ասում է՝ եկեք քննարկումները չքաղաքականացնենք, որը նույնն է, եթե կուսակցություններին կոչ արվի՝ չզբաղվել քաղաքականությամբ:

 

Այս տարվա բյուջետային քննարկումները մի քանի առանձնահատկություն ունեն:

 

Նախ, դրանք առաջինն են Հովիկ Աբրահամյանի համար: Սա այն փաստաթուղթն է, որի թե՛ դրականը, թե՛ բացասականը պատկանելու են Աբրահամյանին, ու հետո նա չի կարող ակնարկներ անել ստացված ծանր ժառանգության մասին:

 

Բյուջեի նախագծի քվեարկությունը ևս ահռելի քաղաքական նշանակություն ունի վարչապետի համար: Նա պետք է ձգտի ցույց տալ, որ իր վարչապետությունը, կաբինետը, որոշակիորեն քաղաքական համաձայնությունների, խորհրդարանականների լոյալ վերաբերմունքի դրսևորում են՝ անկախ այն հանգամանքից, որ կառավարությունը կոալիցիոն չէ:


Հովիկ Աբրահամյանի համար իդեալական կլինի, նա քաղաքական հարաբերական ինքնուրույնություն ձեռք կբերի, եթե հանրապետական մեծամասնությունից բացի՝ բյուջեին կողմ քվեարկի գոնե մեկ այլ խմբակցություն:

 

Իհարկե, հանրապետական մեծամասնության աջակցությունը բավարար է, որպեսզի բյուջեն ընդունվի, կամ կառավարությանն անվստահություն հարուցելու խնդիր չառաջանա: Բայց սա խնդրի ֆորմալ կողմն է, որն Արգամիչի համար չի լուծում քաղաքական կշիռը մեծացնելու հարցը, որովհետև եթե ունես բացառապես Հանրապետականի աջակցությունըապա քո պաշտոնավարումն ամբողջովինկախված է նույն այդ մեծամասնության առաջնորդ Սերժ Սարգսյանի կամքից, ով նաև կորոշի քո ինքնուրույնության չափը, սահմանը:

 

Տարբեր պատճառներով Հովիկ Աբրահամյանը չի կարող ակնկալել ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի աջակցությունը:

 

Այլ պայմաններում Արգամիչը հույսը գուցե դներ խնամու կուսակցության՝ ԲՀԿ-ի աջակցության վրա:

 

Սակայն դա այսօր գրեթե անհնար է պատկերացնել, որովհետև եթե անգամ ԲՀԿ-ն «ձեռնպահ» քվեարկի բյուջեին, բոլորն ասելու են, որ նրա ծավալած պայքարն Ազատության հրապարակում ոչ թե իշխանափոխություն է հետապնդում, այլ ընդամենը ներհամակարգային պայքարի տրամաբանություն ունի, ասել է թե՝ ուղղված է վարչապետի դիրքերի ամրապնդմանը:

 

Այստեղ է, որ կարող են բախվել երկու խնամիների՝ վարչապետի ու ԲՀԿ նախագահի շահերը: Այսինքն՝ԲՀԿ-ն դատապարտված է «դեմ» քվեարկել, բայց այս դեպքում էլ ստացվում է, որ Եռյակի օրակարգում քննադատության թիրախային փոփոխություն է տեղի ունենում. նախագահը գնում է երկրորդ պլան՝ տեղը զիջելով վարչապետին ու նրա կաբինետին: Դժվար է պատկերացնել, որ Եռյակի անդամ պատգամավորները խորհրդարանում անխնա քննադատում են կառավարությանը, հետո գալիս են Ազատության հրապարակ ու շրջանցում են այդ թեման:

 

Գուցե դա է պատճառը, որ Եռյակն առայժմ չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, գուցե նույնիսկ հաջորդ հանրահավաք տեղի չունենա՝ մինչև բյուջետային քննարկումների ավարտը:

 

Ու վերջում ևս մեկ դիտարկում:

 

2015-ի բյուջեի նախագծում հաշվարկված չեն այն հնարավորությունները, ռիսկերը, որոնք առաջանալու են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, այս փաստաթղթում ԵՏՄ-ն «բացակա» է:


Սա անլուրջ մոտեցում է ու խոսում է այն մասին, որ այս օրերին խորհրդարանում ոչ թե բյուջեի նախագիծ է քննարկվում, այլ «օբշյակի» եկամտային ու ծախսային «իտոգը»…



Սուրեն Սուրենյանց