Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այս օրերին շատ է շահարկվում այն հարցը, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը փորձել է իր անձնական կապերն օգտագործել Ալեքսանդր Լապշինի արտահանձնման գործընթացը կասեցնելու գործում:
Հարցի առնչությամբ ուզում եմ նշել, որ տարբեր շրջանակների կողմից նման հարցադրումը կամ խնդրին չտիրապետելու կամ պարզ ուղղորդվածության միտում ունի։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ նման խնդիրները չեն քննարկվում և առավել ևս՝ չեն լուծվում անձնական կապերի համատեքստում։ Սա բացառապես միջպետական հարաբերությունների դաշտ է։ Լապշինի խնդիրը պետք է քննարկվի ԱԳՆ խողովակներով, խորհրդարանական դիվանագիտության և կամ այլ միջազգային ձևաչափերում։ Հիշեցնեմ նաև, որ խոսքը ՌԴ քաղաքացու մասին է, և որքանով տեղյակ եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավական ակտիվ զբաղվում է խնդրով։
Իսկ անձնական կապերով կամ անձնական հեղինակությամբ կարելի է այլ պետություններից ավելի մեծ թվով գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հրավիրել Արցախ։ Ինչն էլ, հավատացնում եմ Ձեզ Գագիկ Ծառուկյանը անպայմանորեն կիրականացնի»։