Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի
Պերմյակովը ցուցմունք է տվել. նա պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը
Ռուս սահմանապահների կողմից գիշերը թուրքական սահմանի մոտ հայտնաբերվել է Վալերի Պերմյակովը: Այս պահին նա գնվում է ռուսական զորամասում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Վերջինիս խոսքով՝ կատարվել են առաջին անհրաժեշտ համատեղ քննչական գործողությունները:
«Գյումրիում է գտնվում քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Պերմյակովը հարցաքննվել է, նա ցուցմունք է տվել և պատմել դեպքերի զարգացման մասին»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Նշենք, որ ավելի վաղ news.am-ը գրել էր, որ Պերմյակովը ցուցմունք է տվել և պատմել է, որ դուրս է եկել «պոստից», ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:
***
Charlie Hebdo թերթի առաջին էջին հայտնվելու է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը
Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հայտնվելու է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի առաջին էջին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նկարում կանաչ ֆոնին պատկերված է տխուր մարգարեն՝ սպիտակ հագուստով: Ծաղրանկարի հերոսը տխուր դեմք ունի' արցունքն աչքերին: Ձեռքին պաստառ է՝ Je suis Charlie կարգախոսով, իսկ վերնագրում ասվում է՝ Tout est pardonne («Ամեն ինչ ներված է»):
Ամսագրի նոր համարը լույս կտեսնի չորեքշաբթի՝ հունվարի 14-ին: Այն կթողարկվի 3 մլն նմուշ տպաքանակով:
Դրա բովանդակությունը կթարգմանվի աշխարհի 16 լեզվով: Վաճառքից ձեռք բերված միջոցների մեծ մասը կտրամադրվի զոհերի ընտանիքներին և շաբաթաթերթի աջակցությանը:
***
Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ
Գյումրիում հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Վերջինս ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նախօրեին տեղի ունեցած հանցագործության բացահայտման ուղղությամբ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:
Մասնավորապես, բանակի գեներալ Ա.Բախինը տեղեկացրեց շարքային Վալերի Պերմյակովի ձեռբակալության, ՌԴ 102-րդ ռազմակայանում ընթացող ներքին ծառայողական քննության ընթացքի մասին և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ' հարուցված քրեական գործի շրջանակներում:
Սեյրան Օհանյանը հորդորեց շարունակել համադրված աշխատանքը երկու պետությունների պաշտպանական կառույցների միջև' հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու գործում իրավապահ մարմիններին աջակցելու ուղղությամբ:
***
Վիճաբանություն և կրակոցներ' Հացավանում
***
Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին տեղափոխել են Երևան. նախարարը հիվանդանոցում է
Գյումրիում հունվարի 12-ին սպանված ընտանիքի հրաշքով փրկված փոքրիկին' մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանին, տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հիվանդանոցում փոքրիկին է այցելել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Փոքրիկի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեկ երեկոյան Երևանից մեկնել է առաջատար մասնագետների խումբ: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան:
Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարըˋ հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահոված է բոլոր անհրաժեշտ դեղորայքային և այլ բշժկական պարագաներով:Շարունակությունն՝ այստեղ:
***
Գյումրիի սպանդի կասկածյալ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում. դատախազություն
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները:
Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:
Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:
Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության:
***
Մոմավառություն Ազատության հրապարակում
Այսօր' հունվարի 13-ին, բազմաթիվ քաղաքացիներ Ազատության հրապարակում մոմավառություն էին կազմակերպել' ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամների և ի աջակցություն 6 ամսական վիրավոր երեխային:
Հիշեցնենք, որ հանցագործության մեջ հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է:
Ըստ Պերմյակովի ցուցմունքի' նա դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցով՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետև մարդ է արթնացել, ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:
***
Հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը պետք է քննի գործը. պարզաբանում է Գագիկ Ջհանգիրյանը
Հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը պետք է քննի գործը, ո՞ր դատարանը պետք է իրականացնի արդարադատությունը, և որտե՞ղ պետք է կրի իր պատիժը Գյումրու ողբերգության մեղավորը: Այս հարցերի շուրջ «Ազատություն TV»-ն մեկնաբանություն է վերցրել ՀՀ նախկին զինդատախազ, ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից:
«Ռազմական բազայի տարածքում կատարված հանցագործությունները ենթակա են ռուսական զինվորական իրավապահ մարմինների քննությանը: Բազայի տարածքից դուրս կատարված հանցագործությունները արդեն մեր զինվորական իրավապահ մարմինների քննչական ենթակայության առարկա են»,- հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը, ապա մանրամասնել, որ սահմանապահ ծառայության կանոնների խախտումը, որը թույլ է տվել այդ զինծառայողը, այն է՝ ինքնաձիգով լքել է դիրքը, դուրս է եկել ռազմական բազայի տարածքից, մտել է քաղաք, այդ ամենը ենթակա է ռուսական իրավապահ մարմինների քննությանը:
«Բայց արդեն բուն սպանությունը, սպանության հանգամանքները, փաստը, որակումը, քննությունը պետք է կատարեն մեր զինվորական իրավապահ մարմինները: Այնուհետև, նախաքննության ավարտից հետո, գործը պետք է փոխանցվի էլի ռուսական սահմանապահ զորքերի դատական մարմիններին, դատաքննությունը նրանք պետք է իրականացնեն»,- նշել է Գագիկ Ջհանգիրյանը: