Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի, Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության և ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարելու, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում' հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետևողաբար շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը:
Հանդիպումներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը պաշտոնատար այլ անձինք: