Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ուղերձ է հղել Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին: Ուղերձն ընթերցեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ, համագումարի հարգարժան մասնակիցներ, ի սրտե ողջունում եմ բոլորիդ շնորհավորում միության հոբելյանական' 10-րդ համագումարի կապակցությամբ: Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին եւ առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ:
Հայ ժողովրդի արժանի զավակների սուրբ արյամբ են գրվել մեր նորագույն պատմության ոսկե էջերը: Նրանց սխրանքն ու հերոսությունն ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:
Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման եւ հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն:
Թանկագին բարեկամներ, Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, համագումարի մասնակիցներին' հաջող ու արդյունավետ աշխատանք»: