ԼՂՀ նածագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ կարեւոր պետական տոնի' Արցախի վերածննդի օրվա առթիվ:
27 տարի առաջ այս օրը հիմնովին փոխվեց մեր ողջ ժողովրդի պատմության ընթացքը եւ սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը նշանավորվեց հայոց անկախ պետականության վերածննդով: Դարեր շարունակ առանց պետականության գոյատեւած եւ այդ իսկ պատճառով բազում փորձությունների ենթարկված հայությունն ի վերջո կարողացավ մեկտեղել բոլոր ուժերը եւ ոտքի ելնել' պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները: Դա համազգային հզոր պոռթկում էր, որը հասունացել էր հարյուրամյակների ընթացքում եւ որի դեմն առնել այլեւս անհնարին էր:
Մեկ գաղափար, մեկ մարմին, մեկ բռունցք. պատմական 1988-ին հայն այդպես ներկայացավ աշխարհին: Եվ այդ կուռ ու անսասան միասնությունն ու համախմբվածությունն էր, որ հաղթանակներ բերեց մեր ժողովրդին' դարեր ի վեր երազած հաղթանակներ:
Այսօր մենք բոլորս' յուրաքանչյուր հայ, պարտավոր ենք ամեն ինչ անել մեր հերոս նահատակների սուրբ արյան գնով ձեռք բերված հաղթանակներն օր օրի ամրապնդելու համար: Նման պատմական հնարավորություն է տրվել մեր սերնդին, եւ մենք պետք է ըստ ամենայնի օգտագործենք այն ու հասնենք մեր վերջնական նպատակին' միասին, ուս ուսի կառուցելով ուժեղ, զարգացած եւ հավերժ ծաղկող Հայրենիք, որը մեկն է բոլոր հայերի համար:
Թանկագի՛ն արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ' ի բարօրություն հերոսական Արցախի եւ մեր ժողովրդի»: