Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Հայրենակիցներին Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իր անունից ի սրտե շնորհավորելով Մայիսի 1-ի' Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, Բակո Սահակյանը նշել է, որ մեր ժողովուրդը տարիներ շարունակ տոնում է այս օրը' ամեն ժամանակաշրջանում նոր իմաստ հաղորդելով դրան: Նրա խոսքով' քրտնաջան աշխատանքն ու բազմավաստակ աշխատավորն ավանդաբար մեծ պատիվ ու հարգանք են վայելել դեռեւս մեր նախնիների մոտ, իսկ աշխատասեր ու բարեխիղճ մարդը միշտ բարձր է գնահատվել ու հանդիսացել ընդօրինակման առարկա:
«Այսօր էլ արցախցին ջանք ու եռանդ չի խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Սրանք այն կարեւոր խնդիրներից են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Արցախի ղեկավարը:
Արցախցիներին մեկ անգամ եւս շնորհավորելով գարնանային այդ գեղեցիկ տոնի կապակցությամբ' նա մաղթել է խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ նրանց ազնիվ ու արդար աշխատանքում' ի նպաստ եւ ի բարօրություն արցախցիների ընտանիքների եւ հարազատ երկրի: