ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Այսօր' սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:
Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և լրագրողների աշխատանքը:
Զինված ուժերի գործունեության, իրադարձությունների անաչառ լուսաբանման միջոցով լրագրողների բանակը նպաստում է ոչ միայն զինված ուժերի զարգացմանը, այլև մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:
Արցախյան շարժման առաջին իսկ օրերից բազմաթիվ լրագրողներ լծվեցին հայենիքի պաշտպանության գործին: Զինվորական լրագրողներից ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ և փառք նրանց: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:
Այսօր էլ մեր պաշտպանական համակարգի ստորաբաժանումներում իրենց ծառայությունն են կրում բազմաթիվ լրագրողներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալել հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների հետ: Կազմակերպվել են բազմաթիվ լրագրողական այցելություններ սահմանային զորամասեր, ասուլիսներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ:
Միշտ լինելով դեպքերի և իրադարձությունների կենտրոնում, մեր լրագրողներն իրենց մեծ կամ փոքր նյութերով և շեշտադրումներով ներկայացնում են ազգային բանակը, զինվորականÕ « առօրյան, նպաստել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:
Լրագրողները նաև յուրօրինակ կամուրջ են հասարակության և զինված ուժերի միջև: Եվ վստահ եմ, որ բոլորն են գիտակցում այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու հուսով, որ մեր լրագրողները կշարունակեն պատվով կատարել իրենց առաքելությունը' հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, հավասարակշիռ, կառուցողական և օբյեկտիվ հրապարակումներով անդրադառնով բանակաշինության խնդիրներին, զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:
Հուլիս-օգոստոսյան դեպքերը հերթական անգամ ապացուցեցին վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի, նաև' լրագրողների համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը' մոռանալով բոլոր տարաձայնություններն ու գաղափարական տարակարծությունները:
Մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած նրանց զրույցներում ծնված հրապարակումներն առավել բարձրացրին հայ զինվորի մարտական ոգին: Ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, լրագրողները ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի բնակչության ամենօրյա հերոսական կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը:
Լրագրողների բանակը նույնպես հաստատեց, որ հայրենիքի պաշտպանության և իրենց հրապարակումներով բանակին աջակցություն ցուցաբերելու առումով միասնական են, համախմբված և պատրաստ իրենց մասնագիտական հմտություններով ծառայել հայրենիքին:
Ներկայացնելով մեր զինվորների ու սպաների մասին բազմաթիվ հրապարակումներ, լուսանկարներ, տեսանյութեր' լրագրողն աջակցում է հայրենիքի սահմանին կանգնած զինվորին, բարձրացնում է անձնակազմի մարտական ոգին և վերջապես' զինվորների ծնողները տեսնում են իրենց զավակներին ծառայության մեջ' հայրենանվեր գործ կատարելիս:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին' դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու, միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու համար:
Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին և մաղթում համախմբվածություն, համերաշխություն, քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում:
Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն' ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման»: