ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայկական տանկային անձնակազմերին' «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելու առթիվ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, 12 պետությունների մասնակցությամբ անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում հայ տանկիստների' աշխարհի փոխչեմպիոնի բարձր տիտղոսին արժանանալու, անհատական ու թիմային պայքարում բարոյակամային ու մասնագիտական բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

 

Օգոստոս ամիսը վկայեց ինչպես մեր հայրենիքը երիզող մարտական հենակետերում, այնպես էլ միջազգային ասպարեզներում հայ զինվորի ունեցած բարձր պատրաստվածության մասին: Մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում, ի տես ողջ աշխարհի, 19-20 տարեկան հայ զինվորները փայլուն կատարեցին տանկավարման ու կրակային դժվարագույն վարժությունները, հաղթահարեցին ամենատարբեր արգելքներ և դաշնակից ու գործընկեր բանակներում վերստին հարգանքով արտասանեցին Հայաստանի Հանրապետություն ու Հայկական բանակ անունները:

 

Սիրելի տանկիստներ, երեսունվեց տանկային անձնակազմերի միջև լարված պայքարում հաջողությունն ու հաղթողի յուրօրինակ դափնիները դարձան ձեր հրամանատարների արհեստավարժության, անձնակազմի ուսուցումը ճիշտ և հմտորեն կազմակերպելու, իսկ հայ զինվորի կողմից' որևէ դժվարության առջև չընկրկելով առաջադրանքները կատարելու և իր Հայրենիքի անունը բարձր պահելու խորհրդանիշ:

 

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ' ձեր վարպետության ու նվիրումի համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի յուրաքանչյուր մարտիկ այսօր ցանկանում է նմանվել ձեզ ու Հայրենիքին կծառայի այնպես, ինչպես դուք»: