ՀՀ Վերահսկիչ պալատն ընտրել է բարեփոխումների ճանապարհն ու տարեցտարի մեծանում է կառույցի դերակատարությունը: «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության և արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը' նշելով, որ Հայաստանում այլևս չկա որևէ ոլորտ, որտեղ պալատը վերահսկողություն իրականացրած չլինի: «Կիրառվող արդյունավետ միջոցառումները պետք է նպաստեն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական միջավայրի ձևավորմանը: Վերահսկիչ պալատը պատժիչ գործիք չէ, այն ուղղված է կանխարգելմանը: Ռեվիզորի մոտեցումը մնացել է անցյալում և այսօր Վերահսկիչ պալատը բարեփոխումների ճանապարհ է անցնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Իշխան Զաքարյանը' հավելելով, որ անցած տարիներին ՎՊ-ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը և պետական համակարգում արդեն զգացվում է զգոնություն:

 

«Այսուհետ ՎՊ աշխատանքներն ուղղված են լինելու պետական միջոցների ծախսման արդյունավետությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ամենաբարձր մակարդակում առկա է երկխոսություն և մեր երկիրն ինքն է խոսում խնդիրների մասին: Չկա ոլորտ, որտեղ բարելավման հստակ քաղաքականություն չիրականացվի»,- ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան:

 

Իշխան Զաքարյանը կարևորեց բազմաթիվ երկրների ՎՊ-ների, կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը' հավելելով, որ ներդրվում են նոր ենթակառուցվածքներ, աշխատակիցները վերապատարստվում են նոր ուղղություններով: «Ներկա փուլում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է լավագույնս օգտագործել ՎՊ-ի բարեփոխումների համար»,- ասաց Իշխան Զաքարյանը: