Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվության արդյունքները:

 

ՎՊ ներկայացուցիչ Մեսրոպ Հակոբյանը ներկայացրեց այն հաստատությունները, որտեղ կատարվել են ուսումնասիրություններ և արձանագրվել են խախտումներ:

 

Խոսելով կատարված ուսումնասիրության մասին՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասաց. «Բավականին երկար ժամանակ՝ երկու տարի շարունակ, շատ խոսում էինք օպերատիվ վերահսկողություն անելու մասին, երբ արտաքին վերահսկիչ մարմինը պետական բյուջեի և՛ ծախսային մասի, և՛ մուտքերի հետ կապված, և՛ նաև պետական սեփականության տնօրինման հետ կապված որոշակի կառույցների հետ իրականացնում է օպերատիվ հսկողություն, սա նշանակում է, որ մենք ոչ թե սպասում ենք, որ տարին ավարտվի կամ երկու տարի անցնի, այլ ընթացքում, երբ նախարարությունը, ենթադրենք՝ ծրագրերի իրականացման գրասենյակը կամ որևէ այլ կառույց ինքը պետական բյուջեի կամ վարկային միջոցների ծախս է նախատեսում, ընթացքում մենք օպերատիվ հսկողության ռեժիմով կարողանում ենք շարժվել առաջ և տեսնել՝ մոտավորապես ինչ թերություններ կան: Այս առումով ԿԳ նախարարի և ՎՊ-ի միջև այս համաձայնությունն անցած տարի կայացվեց և շատ լավ արդյունք տվեց: Պետք է ասեմ, որ իրոք դինամիկ, շատ օպերատիվ և՛ նախարարության աշխատակազմը, և՛ ՎՊ-ն կարողացան այս թերությունները հայտնաբերել և տեսեք մենք այս ֆինանսական խախտումների մասին չենք ասում՝ գիտեք ինչ, սա արդեն յուրացվել է, սա արդեն գնացել է, այլ ասում ենք, որ ընթացքում կանգնեցվել է խնդիրը»:

 

ՎՊ նախագահի խոսքով՝ այստեղ կար ընդամենը մեկ խնդիր, որն էլ լրացուցիչ քննարկման կարիք ուներ: «Դա վերաբերում էր հատկապես այն ՊՈԱԿ-ներին, որոնց հետ կապված 355 մլն դրամի ՎՊ-ի հանձնաժողովն արձանագրել է վճարված գումարներ: Այստեղ կար լրացուցիչ ուսումնասիրության խնդիր և ես ինքս նաև այդ խնդիրը դրեցի, որ տեսնենք՝ ինչպես ենք վարվելու այս դեպքում, որովհետև այդ կազմակերպություններից մի քանիսն այսօր իսկապես լավ և բարձր համբավ ունեն կրթական բնագավառում և բավականին լավ աշխատանք են կատարում:

 

Լրացուցիչ քննարկեցինք, ինչից հետո էլ մենք միանշանակ եկել ենք այն կարծիքին, որ այս գումարները վերականգման ենթակա գումարներ չեն, որ այս գումարները վճարված են ժամանակին, վճարված են ճիշտ և վճարված են ըստ ծրագրերի, որոնք իրենք ներկայացնում են նախարարություն և պետք է առաջ գնան, ուղղակի այստեղ մեկ խնդիր կար, որ կանոնադարությունը մշակված չէր և ՎՊ հանձնախումբը դիտարկում էր որպես սովորական հանրակրթական դպրոցներ այն դեպքում, երբ իրենք ավելի բարդ ծրագրեր են իրականացնում:

 

Դրա համար մենք այս մասով շատ ճիշտ որոշում ենք կայացրել այդ քննարկման ընթացքում, որ խնդիր ենք դրել նախարարության առաջ, որ արագ կարողանան կանոնադրական այդ խնդիրները կարգավորել, լուծել, որպեսզի ընդհանրապես այս թեման հետագա քննարկումների տեղիք չտա, մնացած դեպքերում արձանագրված խախտումների մասով գումարները պակասեցվել են ծրագրերից և մեր առաջարկությամբ տարեվերջին դրանք պետք է վերադարձվեն պետական բյուջե»,- ասաց Իշխան Զաքարյանը: