Արցախյան զինուժի կործանված ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների տարհանման գործում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիրքորոշումն արժանի է հարգանքի: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

 

«Ինձ վրա մեծ տպավորություն թողեց այն, թե ինչն էր կարևոր նախարարի համար՝ վերադարձնել երեք օդաչուների մարմինները: Նրա համար առաջնային նպատակն էր զինվորականների մարմիններն ընտանիքներին վերադարձնելը՝ պատշաճ կերպով հուղարկավորելու համար»,- ընդգծել է Հեֆերնը: «Դա նրան հաջողվեց անել: Այդ պատճառով ես չեմ կարող հարգանք չարտահայտել նրա հետևողականության և գործն ավարտին հասցնելու ունակության համար»,- հավելել է դեսպանը: «Հայաստանին հաջողվեց վերադարձնել մարմինները, և դա արժանի է հարգանքի. դա սպանված օդաչուների հանդեպ պարտքն էր»,- եզրափակել է Հեֆերնը:

 

Դեսպանի այս հարցազրույցը, հայտարարությունները մի տեսակ ստվերվեցին մեր լրատվական դաշտում, չարժանացան համարժեք քաղաքական գնահատականի: Մինչդեռ, ուղղաթիռի կործանման, մեր բանակի հատուկ գործողության այս գործընթացում սա պակաս տպավորիչ իրադարձություն չէ, որովհետև, ըստ էության, դիվանագիտական գնահատականի, միջնորդ երկրի պաշտոնական տեսակետի մակարդակով խրախուսվում է այն, ինչ արել է մեր բանակը, ընկալվում է հայկական կողմի մոտիվացիան:

 

Կրկնում եմ՝ սա նույնքան կարևոր է, որքան բանակի հատուկ գործողությունը, որի շնորհիվ տարհանվեցին մեր զոհված օդաչուների մարմինները:

Հեֆերնը խոսում է մեր բանակի հումանիստական բնույթի մասին:Մեր նախարարի մարդասիրական մոտիվները նրա մոտ առաջացրել են հարգանք ու ակնածանք:

 

Սա շատ կարևոր է, որովհետև միջազգային համատեքստում մեր բանակը խորհրդանշվում է բարձր գաղափարների, իդեալների հետ՝ չնայած նրան, որ տարածաշրջանում ամենամարտունակն է, ամենակայացածը: Այսինքն՝ ամերիկյան բարենպաստ դիրքորոշումը պայմանավորված է առաջին հերթին մեր բանակի գործոնով, Սեյրան Օհանյանի քաղաքական, մարդկային որակներով, այն հանգամանքով, որ հայկական բանակը միակ լուսավոր կետն է Հայաստանի չկայացած պետական համակարգում:

 

Եթե կուզեք, բանակը մեր ինքնիշխանության միակ երաշխավորն է, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի միակ հույսը:

 

Անշուշտ, ամերիկյան այս դիրքորոշման վրա ազդել են նաև այլ՝ աշխարհաքաղաքական գործոններ: Մասնավորապես, Վաշինգտոնում կարող էին մտածել, որ հայկական ուղղաթիռի խոցման հետևում երևում են ռուսական «ականջներ», կամ որ Մոսկվան օգտագործելու է իր միջնորդությունը ու մեր օդաչուների դիակների վերադարձման գործընթացը ծառայեցնելու է իր շահերին, տարածաշրջանում ու Հայաստանում իր ազդեցությունը մեծացնելուն:

 

Հայկական բանակը, իր հատուկ գործողություններով ու հերոսականությամբ, կանխել է այս անբարենպաստ սցենարներն ու արժանի է մեր համաքաղաքացիների ու օտարների դրվատանքին:

 

Սուրեն Սուրենյանց