Հանրապետությունում ներկա պահին դիտվում են տեղումներ, լեռնային, նախալեռնային շրջաններում' ձյան տեսքով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը նշեց, որ ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Քաջարանում 28 սմ է, Վարդենիսում, Հրազդանում և Սևանում՝ 30 սմ, իսկ մյուս լեռնային շրջաններում՝ 15-20 սմ:

 

«Ձյան ծածկը բացակայում է միայն Սյունիքի, Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում: Դեկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունը կրկին գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Ժամանակ առ ժամանակ դիտվելու են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հաջորդ շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի լուրջ տատանումներ չեն լինի: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-5 աստիճանով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գագիկ Սուրենյանը:

 

Գիշերային ժամերին հանրապետությունում կդիտվի 1-3 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչև 7-9 աստիճան տաքություն: