ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների հետ' ի կատար ածելով նրանց ցանկությունը' անձամբ նախարարի հետ քննարկել իրենց քաղաքի բժշկական կենտրոնի վերազինման և այլ հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Առողջապահության համակարգում շարունակական բարեփոխումներ են ընթանում։ Կուզեի տեղյակ լինեք, որ այսօր առողջապահական համակարգերն առաջին հերթին խթանում են առողջ ապրելակերպը։ Եվ յուրաքանչյուր անձ պետք է իրազեկված լինի, թե ինչպես կարող է իր առողջությունը պահպանել և ինչ ռիսկեր գոյություն ունեն»,-ողջունելով աշակերտներին' ասել է նախարարը։
Հանդիպման գաղափարը «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությանն էր, որը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդները երիտասարդների համար» ծրագիրը:
Կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանն էլ նշել է, որ ծրագրի նպատակն է 14-18 տարեկան երիտասարդների շրջանում բարձրացնել ժողովրդավարության սկզբունքների, առաջնորդության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ձևավորել իրենց համայնքների հիմնախնդիրների վերհանման և դրանց հաղթահարմանն ուղղված ճանապարհների որոնման հմտությունները: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար:
Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղուկասյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Արարատի մարզպետարանի հետ քայլեր են ձեռնարկվում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մոտ օրերս ՀՀ առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի կողմից Մասիսի բժշկական կենտրոնին կհատկացվի շուրջ երկու միլիոն ՀՀ դրամին համարժեք բժշկական պարագաներ և դեղեր:
Նախարարը պատասխանել է երեխաներին հետաքրքրող հարցերին: Նրանցից շատերը մասնագիտության ընտրության նախաշեմին են: Ապագայում բժիշկ դառնալ ցանկացողներին Արմեն Մուրադյանը հորդորեց լինել բարի և գթասիրտ։ «Բժիշկ լինելը կոչում է, և միայն կրթություն ստանալը բավարար չէ։ Լավ բժիշկը պետք է անկախ աշխատանքային իր ժամից պատրաստ լինի օգնել ցանկացած դիմողի' առաջնորդվելով մարդասիրությամբ»,-ասել է նախարարը' շեշտելով, որ բժշկի բարձր կոչման արժանանալու համար մեծ զոհաբերություններ են անհրաժեշտ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափի հանդիպումները շարունանական դարձնել: