Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն երրորդ շաբաթն է՝ ուսուցչական անձնակազմն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են հայտարարել՝ բողոքելով նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանից։
Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ դպրոցում առավոտյան ծնողական ժողով է հրավիրվել և որոշվել, որ պետք է նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին հանդիպեն․ «Հանդիպումը կայացավ, սակայն որևէ ընդհանուր հայտարարի չեկանք, Քարմիլե Առաքելյանը պնդեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Նա արձանագրեց, որ ինքն ու դպրոցը բարիկադների տարբեր կողմերում են և վերջում սպառնաց, որ դատարան է դիմելու ու հեռացավ»,– ասաց ուսուցիչը։
Սրանից հետո ուսուցչական անձնակազմը, աշակերտներն ու նրանց ծնողները Աբովյանում իրազեկման ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդարության վերականգնում․ «Սա քայլերթ է՝ հանուն արդարության»։
Բողոքի ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները։
Բողոքողները նշում են, որ երեխաների կրթության իրավունքի իրացման վերականգնման միակ պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, սակայն նրանց կողմից որևէ արձագանք չկա։
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ տնօրենը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։