ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման վարույթ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում ստեղծված վիճակի առնչությամբ՝ կապված տնօրենի ընտրության գործընթացի ու կրթական իրավունքի վրա դրա ազդեցության հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
2021 թվականի փետրվարի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի դիտարկմամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է տեղեկություններ այն մասին, որ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ուսուցիչները հայտարարել են գործադուլ, իսկ աշակերտները՝ դասադուլ:
Դիտարկման արդյունքները վկայում են, որ խոսքը վերաբերում է տնօրենի ոչ իրավաչափ կամ ոչ արդարացի սկզբունքով ընտրվելու մասին պնդումներին: Դրանից բացի, ստացվել է այնպես, որ դպրոցում խաթարված է դասերի բնականոն ընթացքը: Ավելին, դիտարկվել է նաև ոստիկանների ուղեկցությամբ տնօրենի դպրոց գալու դեպքերը: Ուստի, հաշվի առնելով վերը շարադրված տվյալները՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և պարզաբանումներ են պահանջվել ԿԳՄՍ նախարարությունից և Ոստիկանությունից: