«Կարեւոր է առաջին 1000 օրը» հանրային միջոցառումը, որը ՄԱԿ-ի մանկական զարգացման հիմնադրամը «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում՚ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-28-ին անցկացրեց կապանցի մայրիկների համար, նպատակ ուներ երիտասարդ եւ ապագա ծնողներին իրազեկել կրծքով սնուցման եւ վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման սկզբունքների մասին, նպաստել երեխաների առողջ սնուցմանը եւ պատշաճ խնամքին:
Առաջին օրը միջոցառմանը մասնակցում էին 1-5 տարեկան երեխաներ ունեցող մոտ հարյուր մայրիկներ' իրենց բալիկների հետ միասին, նաեւ ապագա մայրիկներ ոչ միայն Կապան քաղաքից, այլեւ տարածաշրջանի գյուղական համայնքներից: Հարց ու պատասխանի, ֆիլմի միջոցով նրանք կրկին իրազեկվեցին սնուցման նրբությունների մասին: Միջոցառման երկրորդ օրը ընտրված չորս մայրիկներ մասնակցեցին վիկտորինայի:
Ըստ հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի' նման հանրային իրազեկման միջոցառումներ անցկացվել են հանրապետության տարբեր մարզերում, իսկ իրազեկման ծրագրեր իրականացվել «Վորլդ Վիժնի» տարածքային զարգացման գրասենյաների միջոցով: Միջոցառման բոլոր մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացան նվերներ, իսկ թաղամասերի մայրիկներից ձեւավորված թիմերի միջեւ անցկացված վիկտորինայի հաղթող «Լեռնագործ» թիմը կմասնակցի նաեւ մայրաքաղաքում կայանալիք միջոցառմանը:
Կազմակերպված հանրային միջոցառումն անցկացվեց երկու օր շարունակ' Կապանի «Հայրապետյաններ ՊՎԳ» ՍՊԸ-ի ժամանցային կենտրոնում, որը օրվա խորհրդին համապատասխան ձեւավորված էր տոնականորեն:
Իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Վորլդ Վիժնի» հետ համատեղ:
Գոհար Իսախանյան