Դամասկոսի Բաբ Թումա քրիստոնեական թաղամասի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնում տեղի է ունեցել ամանորյա միջոցառում երեխաների համար:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Պատերազմական ծանր վիճակից մի քանի ժամով կտրվելու և փոքրիկների տրամադրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված տոնական միջոցառումը նախաձեռնել էր Սիրիայի օգնության խաչի Դամասկոսի «Էրեբունի» մասնաճյուղի վարչությունը:
Միջոցառմանը ներկա էին տասնյակ մարդիկ, մեծ թվով փոքրիկներ: Երեխաների ուրախությունը կրկնապատկվել է, երբ սրահ է մտել Ձմեռ պապին: Նրանք երգ ու պարով դիմավորել են Ձմեռ պապին: Միջոցառումից հետո տեղի է ունեցել հացկերույթ:
Սիրիայի տարբեր շրջաններում, այդ թվում Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում, Դամասկոսում և այլուր ամանորյա տոնական միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: