Ստամբուլի Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ քրդական խնդիրը Թուրքիայում կարող է լուծվել առաջիկա 4-5 ամիսների ընթացքում, սակայն, դրա համար նախ օրեսնդրական կարգավորումեր են անհրաժեշտ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, նա ասել է, որ դրա համար «կողմերը պետք է կատարեն ձեռք բերված համաձայնությունները»: «Եթե քրդական խնդրի լուծման շուրջ ձեռք բերված համաձայնությունն ամբողջությամբ կատարվի, ապա առաջիկա 4-5 ամիսներին Մերձավոր Արեւելքի ապագայի վրա մեծ ազդեցություն ունեցող դեմոկրատական որոշում կընդունվի: Եթե որոշում չլինի, ապա տարածաշրջանում քաոսը կխորանա, եւ նոր բախումներ կսկսվեն», -ասել է նա:

 

Գրավոր հայտարարության մեջ Օջալանը նշել է, որ քրդական խնդրի լուծման վերաբերյալ թուրքական կառավարության հետ ձեռք բերված համաձայնությունը բաղկացած է 4 բաժնից եւ 65 հոդվածից:

 

Նրա խոսքով' ամենակարեւոր կետերը նրանք են, որոնց կատարումով պետք է հրադադար հաստատվի եւ ապահովվի հասարակական կարգը: «Դրա համար նախ անհրաժեշտ են օրենսդրական կարգավորումներ: Իսկ մնացած բոլոր հարցերը կքննարկվեն ընթացիկ բանակցությունների ժամանակ», -ասել է նա:

 

Թուրքիան վերսկսել է երկրում քրդական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք Օջալանի անմիջական մասնակցությամբ ընթանում են Իմրալիում թուրքական կառավարության եւ «Քրդստանի հասարակությունների միության» (KCK) ներկայացուցիչների միջեւ: