«Եվրասիական միությանն անդամակցելուց հետո տնտեսական մրցակցությանը վերաբերող վերջնական որոշումները այլևս կայացվելու են Մոսկվայում», -այսօր հայաստանյան գործարարների հետ կայացած քննարկմանը հայտարարել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

 

Նա մանրամասնել է, թե անդամակցությունից հետո Եվրասիական տնտեսական միության մրցակցության հարցերով հանձնաժողովն է վարչական վարույթ հարուցելու և որոշումներ կայացնելու բոլոր այն տնտեսվարողների առնչությամբ, որոնք միաժամանակ գործելու են միության երկու և ավելի պետությունների տարածքներում:
Մեր օլիգարխների համար այդ լուրն երկակի նշակություն ունի:

 

Նրանք սովոր են մոնոպոլ դրսևորումներին ու մրցակցության բացակայությայնը: Շաբոյանի հանձնաժողովը շատ դեպքերում աչք է փակել այս երևույթի վրա. օլիգարխները սիվոլիկ գումարով տուգանվել են, կամ իրենց խնդիրները լուծել են իշխանության բարձր հովանավորությամբ՝ փայ զիջելով կամ «քյաշ» տալով, կամ էլ՝ գերադասել են շահագրգռել հենց հանձնաժողովականներին, ովքեր միշտ էլ կարող են համարել, որ մենաշնորհը բնական է, պայմանավորված է փակ սահմաններով և այլն: «Թե գայլերն են կուշտ մնացել, թե ոչխարներն՝ ողջ»՝ իչպես ասված է ժողովրդկան հայտնի խոսքում:

 

Հիմա, փաստորեն, մեր գրեթե բոլոր օլիգարխները կամ նրանց գերակշիռ մասը ստիպված է լինելու իրենց խնդիրները լուծել մոսկվաներում:

 

Մենթալիտետի առումով՝ նրանք խնդիրներ, իհարկե, չեն ունենա, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրներում հովանավորչության, կոռուպցիայի ու մոնոպոլիզացիայի մակարդակը շատ բարձր է, հարցերն էլ լուծվում են ոչ թե օրենքով ու իրավունքով, այլ՝ «կոնյակ, բաստուրմայով»: Այս առումով՝ եվրասիական տարածքում մեր օլիգարխներն իրենց կզգան ինչպես «ձուկը՝ ջրում»: Ինչքան քիչ գործի օրենքը, այնքան լավ օլիգարխիայի համար:

 

Այլ խնդիր է, որ նույն Շաբոյանի ու մյուսների հետ նրանք կարող էին պայմանավորվել էժանով. հիմա «բարևի» գինն աճելու է: Բայց դա էլ հոգ չէ, որովհետև մրցակից չունեցող օլիգարխ-մոնոպոլիստին դա քիչ է անհանգստացնում. կբարձրացնի ներկրվող ապրանքի գներն իր գերշահույթն ապահովելու համար:

 

Խնդիրը մի փոքր կբարդանա, եթե Եվրասիական տնտեսական միության մրցակցության հարցերով հանձնաժողովն առաջնորդվի քաղաքական շարժառիթներով, ավելի պարզ՝ կատարի Կրեմլի պատվերները: Այդ դեպքում մեր օլիգարխները դարձյալ պետք է լուծեն իրենց խնդիրները, սակայն արդեն ավելի մեծ զոհողությունների գնով:

 

Տնտեսական առումով՝ դա կարող է արտահայտվել մեր օլիգարխիայի բիզնեսում, որը նույնն է Հայաստանի տնտեսությունում, ռուսական ինչ-որ շրջանակների «փայ» մտնելու ցանկությամբ:

Քաղաքական առումով՝ մեր օլիգարխները գուցե ստիպված լինեն կատարել Մոսկվայի զանազան պատվերներ, ֆինանսավորել նրա կողմից հովանավորվող նախագծեր:

 

Գործող իշխանության հենարաններից մեկն այսօր օլիգարխներն են: Վաղը չի բացառվում, որ նրանցից շատերը հարկադրված «տանիք» փնտրեն Մոսկվայում՝ օգտագործվելով Հայաստանի իշխանության դեմ, եթե նա ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու ցանկություն ունենա: Օլիգարխիան միշտ էլ եղել է ինքնիշխանությանը հակոտնյա խավ: Հիմա նրա այդ դերակատարությունն ավելի ցցուն է դառնում:

 

Սերժ Սարգսյանի ու մյուսների, թերևս, միակ հույսն այն է, որ Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները քաղաքականության հետևից չեն ընկնի, որովհետև «կանաչը» մերոնցից շատ են սիրում:

 

Սուրեն Սուրենյանց