Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը նպաստավոր պայմաններ կստեղծի միասնական տնտեսական տարածքում աշխատող հայ աշխատանքային միգրանտների համար:

 

Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին: «Սա հնարավորություն կտա Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներին ավելացնել իրենց եկամուտները, քանի որ ներկայում այդ երկրում աշխատող հայ միգրանտները աշխատանքային թույլտվություն ստանալու և գրանցվելու համար գումարներ են վճարում, որը տարեկան կտրվածքով շուրջ 15-20 միլիոն դոլար է կազմում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո այս խնդիրներն արդեն չեն լինի, և մեր քաղաքացիները հնարավորություն կունենան ավելի շատ եկամուտներ ստանալ»,.- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

 

Սուրեն Կարայանը նաև ընդգծեց, որ ԵՏՄ անդամ դառնալուց անմիջապես հետո միասնական տնտեսական տարածքում աշխատել ցանկացող հայ քաղաքացին կհարկվի նույն ռեժիմով, որով հարկվում է տվյալ երկրի ռեզիդենտը: Մանրամասնելով՝ Կարայանը նկատեց, որ այսպիսով հայ աշխատանքային միգրանտներն ավելի քիչ հարկեր կվճարեն: