Թուրքական մամուլն ակտիվորեն մեկնաբանում է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա կատարած այցի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական մամուլը գլխավոր շեշտը դնում է Պուտինի այն հայտարարության վրա, որ երկու երկրների միջեւ 32 մլրդ դոլարի ներկայիս տարեկան ապրանքաշրջանառությունը կարող է աճել մինչեւ 100 մլրդ դոլար:
Մամուլը երկու երկրների միջեւ ստորագրված 8 փաստաթղթերից առաձնացնում է հատկապես ՌԴ-ից Թուրքիա Սեւ ծովի հատակով նոր գազատար անցկացնելու մասին «Գազպրոմ»-ի եւ «Բոթաշ»-ի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, հանքավայրերի համատեղ մշակումը, ատոմային էլեկտրակայանի շինարարությունը: Նշվում է, որ Ռուսաստանը խոստացել է միջուկային տեխնոլոգիաներ արտահանել եւ միջուկային կենտրոն կառուցել Թուրքիայում:
Առանձնացվում է նաեւ Թուրքիա արտահանվող գազի գինը 2015 թվականի հունվարից Ռուսաստանի կողմից 6 տոկոսով նվազեցնելու, ինչպես նաեւ ներկայում մատակարարվող գազի ծավալը 3 մլրդ խոր.մ-ով ավելացնելու Ռուսաստանի արտահայտած պատրաստակամությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն թուրք-ռուսաստանյան հարաբերություններն անվանել է «պատմական», որոնք, նրա խոսքով, ապագայում կարող են դառնալ «օրինակելի»:
Թուրքական մամուլը ուշադրության է հրավիրել Պուտինի այն արտահայտությանը, որ թեեւ իրադարձություններիր նկատմամբ երկու երկրների հայացքները կարող են տարբեր լինել, սակայն, «փոխադարձ շահն այնքան խորն է, որ այդ համագործակցությունը խորացնելուց բացի, այլ հնարավորություն չի մնում»:
Թուրքական մամուլը նշել է նաեւ Ղրիմի, Ուկրաինայի եւ Սիրիայի հարցերում Թուրքիայի եւ Մոսկվայի միջեւ հայացքների տարբերությունը: ՌԴ Նախագահը Ղրիմի եւ Սիրիայի հետ կապված հայտարարել է, որ ղրիմցի թաթարների իրավունքները չեն խախտվելու, իսկ Սիրիայի հարցում Ռուսաստանը կողմ է այնպիսի կառավարության ձեւավորմանը, որում ներկայացված լինեն բոլոր քաղաքական ուժերը: