Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Կենտրոնական բանկն առաջիկա օրերին կկարգավորի դրամի փոխարժեքի տատանումների հետ կապված խնդիրները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ երբ լինում են նման տատանումներ, Կենտրոնական բանկը միջամտում է:

 

«Որևէ խնդիր չկա, քանի որ Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին : Կառավարության համար կարևոր է, որպեսզի տնտեսության տարբեր ճյուղեր օգտվեն հնարավորություններից, և կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

 

Նա ընդգծեց, որ կառավարությունը Տնտեսական մրցակցության պաշտպանությանն պետական հանձնաժողովի միջոցով մոնիթորինգ է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, ինչը նորմալ է:

 

Վարչապետը նշեց, որ չպետք է դա կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, քանի որ դա միջազգային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևանք է: «Դա տարածաշրջանային տնտեսության այդ վեր ու վարի պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա»,- ասաց նա:

 

Հարցին, թե կոնկրետ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետևա՞նք է դա, Հովիկ Աբահամյանը պատասխանեց. «Այո, և, կարծես թե, մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահության է»: