«ՌԴ-ն մեզ վաճառում է զենք և զինամթերք Ռուսաստանի ներքին գործարանային գներով՝ մի պետության համար, որի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է։ Կա՞ այլընտրանք: Գիտե՞ք մի պետություն, որը կարող է իր ներքին գործարանային գներով մեր պետությանը տալ զինամթերք, ասե’ք… Չգիտեք, որովհետև չկա», - այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

Սա միակ ռացիոնալ փաստարկն է, թե ինչու է Հայաստանը պարտադրված գնում ԵՏՄ երեք-չորս տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո: Եվրոպայում ոչ ոք մեզ նման գնով զենք չի վաճառի: Ռուսաստանը դա անում է: Այլ խոսքով՝ Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում. չորս սահմաններից երկուսը փակ են, տարածաշրջանում միլիտարիզացիայի բարձր մակարդակ է, ինչը վտանգում է մեր անվտանգությունը:

 

Մեր տնտեսությունը թույլ է ու խոցելի՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, փակ սահմանների ու անարդյունավետ կառավարման հետևանքով, ու այստեղ է, որ գործում, աշխատում է ռուսական շանտաժը, որի էությունն այն է, թե Հայաստա’ն, անպաշտպան կմնաս նոր պատերազմում, եթե ես քեզ էժան գնով զենք չվաճառաեմ: Իհարկե, նույն Ռուսաստանը, արդեն շուկայական գներով, զենք է վաճառում նաև Ադրբեջանին, այն էլ՝ նույն քանակի՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

 

Ռուսաստանն իրականում ոչ թե մեր անվտանգության երաշխավորն է, այլ մի սուբյեկտ, որը շանտաժով մեզ պահում է իր վերահսկողության ներքո, պարտադրում է քաղաքական որոշումներ, եթե կուզեք, իր հայեցողությամբ կարող է որոշել պատերազմի ու խաղաղության հարցը ղարաբաղյան ճակատում, եթե, իհարկե, հաշվարկի, որ կարող է վերահսկել իրավիճակն ու հակազդել Արևմուտքի ճնշումներին:

 

Վիճակը շատ հստակ է, առավել քան պարզ: Չլուծված, «սառեցված» հակամարտություններն այն լծակներից մեկն են, որոնցով Մոսկվան արդյունավետ ազդում է հետսովետական տարածքի իրադարձությունների վրա՝ Ղարաբաղ, Աբխազիա, Օսեթիա, Մերձդնեստր, Դոնեցկ, Լուգանսկ: Այս շարքը կարելի է շարունակել, լրացնել, սակայն դրանից ասվածը չի կորցնում իր էությունը, իմաստը, բովանդակությունը:

 

Ու պետք չէ զարմանալ, որ մեր հասարակությունն իր մեծամասնության մեջ չի ընդդիմանում ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշմանը, որովհետև ենթագիտակցորեն, իհարկե պրիմիտիվ հարթության մեջ, զգում, գիտակցում է, որ դա արվել է անվտանգության շարժառիթներից ելնելով, վախենում է, որ Մոսկվային հակադրվելու գինը կլինի նոր պատերազմը կամ Ղարաբաղի կորուստը, որովհետև իսկապես չգիտի մեկ այլ երկրի անուն, որը պատրաստ է այս պահին մեզ գործարանային գնով զենք վաճառել, կամ չկա որևէ այլ երկիր, որ կարողանա անհրաժեշտության դեպքում կանխել Մոսկվայի ապակայունացնող ծրագրերը, որովհետև նույն ուկրաինական դեպքերը ցույց տվեցին, որ Կրեմլի վրա չեն ազդում ո’չ կոշտ հայտարարությունները ու ո’չ էլ պատժամիջոցները կարող են իրավիճակի արագ փոփոխության ազդակ լինել:

 

 

Քանի դեռ կարգավորված չեն հայ-թուրքական հարաբերությունները, ու լուծված չէ ԼՂ հակամարտությունը, մեր քաղաքականությունը մեծապես ազդված է լինելու Մոսկվայից: ԵՏՄ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող ուժերը պետք է ոչ թե զարմանան խորհրդարանի շենքի մոտ հավաքվող քիչ բազմությունից, այլ ձևակերպեն արժանապատիվ խաղաղության քաղաքական ծրագիր, որը կուղեկցվի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հասարակական շարժումով:

 

Սուրեն Սուրենյանց