Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

 

Ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

 

Վերջինիս խոսքով՝ հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությամբ պայմանավորված՝ Հայաստանի բնակչության մեծ մասը կողմ է ԵՏՄ անդամակցությանը, իսկ Հայաստանը ԵՏՄ մտնելու որոշումը կայացրել է նաև իր անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունից:

 

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությունը թույլ կտա խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, բայց և Հայաստանը պարտավոր է չհայտնվել ԵՄ-ի և ԵՏՄ-ի շահերի բախման կիզակետում. «Հայաստանը պետք է ներդնի բոլոր ջանքերը, որպեսզի չկրկնի Ուկրաինայի սխալը, չհայտնվի Եվրոպայի և Ռուսաստանի շահերի բախման կիզակետում»:

 

Ֆարմանյանը նշեց նաև, որ պետք չէ ծայրահեղական գնահատականներ տալ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը: Ֆարմանյանի խոսքով՝ հայ ժողովուրդը քաղաքակրթական ընտրություն կատարելու առջև կանգնած չէ, ինչպես շատերը փորձում են ներկայացնել: «Հայ ժողովուրդն իր պատմությամբ և մշակույթով կանգնած է եվրոպական արժեքների ակունքներում: Այստեղ քննարկելու հարց էլ չկա, Հայաստանը քաղաքակրթական ընտրություն չի կատարում»,- ասաց նա:

 

Ֆարմանյանը կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովը վստահում է ՀՀ նախագահի կայացրած որոշմանը՝ նախևառաջ նկատի ունենալով անվտանգության վերաբերյալ փաստարկները: Միևնույն ժամանակ, պատգամավորը կոչ արեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չդիտարկել որպես հայ ժողովրդի փրկության ճանապարհ:

 

 

Տեսանյութը` 1in.am-ի