Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, և խմբակցությունը դեմ է քվեարկելու համապատասխան պայմանագրին:
«Մեր բոլոր անհաջողությունների համար մենք ենք մեղավոր, ուստի մեղադրել հարևաններին անիմաստ է: Մենք միշտ մեր հերոսական անցյալից ենք խոսում, Տղմուտ գետի ափին բարոյական հաղթանակից ենք խոսում, բայց այն ժամանակ ո՞ւր էր Ռուսաստանը: Ե՞րբ ուժ կունենանք հասկանալու, որ սա մեր մեղքն է:
Ի՞նչ է, մանր և միջին բիզնեսի վերաբերյալ Հայաստանի կայացրած որոշման մեջ է՞լ էր Ռուսաստանը մեղավոր: Երբ ասում են, որ այս անդամակցությունը տնտեսական է, սա բլեֆ է: Տնտեսությունն ու քաղաքականությունը չեն կարող անջատ լինել»,- ասաց Հակոբյանը՝ կոչ անելով գործընկերին լավ մտածել և «խղճի մտոք» քվեարկել:
«Եթե մտածում եք պետության վարքի մասին, թող պատգամավորներն իրենց կամքով քվեարկեն: Համոզված եմ, որ այստեղ 1/3-ը դեմ է: Եկեք միայն այս պահի մասին չմտածենք: Կխնդրեմ՝ քվեարկեք խղճի մտոք: Այնպես մի արեք, որ ամբողջ խորհրդարանում յոթ-ութ հոգի դեմ քվեարկի, դա նաև ձեր շահից է բխում, մեր պետության հեղինակության շահից է բխում: Եթե մի քիչ քաղաքական մշակույթ ունենայինք, կհասկանայինք, որ պետք է ապահովենք որոշակի ձայների քանակություն, որ աշխարհը հասկանա, որ մենք առանց այլընտրանքների ժողովուրդ չենք»,- ասաց Հակոբյանը:
Տեսանյութը` 1in.am-ի