Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունում նախօրոք իմացել են, որ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անհատական մոտեցում ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, երբ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել:

 

«Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանն անհատական խնդիր ուներ, մենք ըմբռնումով մոտեցանք: Որևէ խնդիր չկա, մենք ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված Դաշնակցության միասնական տեսակետը: Մենք կողմ էինք այդ պայմանագրին: Սակայն Աղվան Վարդանյանի ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի: Նա մտավորական մարդ է, և ունի իր մոտեցումները»,- ասաց Արմեն Ռուստամյանը: