Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այս փուլում «քառյակի» լիդերների հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՅԴ-ն չի մասնակցել ապրիլի 10-ին կայացած «քառյակի» լիդերների հանդիպմանը: «Նման հանդիպման հարցը բարձրացվել է գրեթե բոլոր հանդիպումնե րի ժամանակ, և հիմնական առաջարկողը «Ժառանգություն» խմբակցությունն էր: Մենք միշտ ասել ենք, որ, չբացառելով նման հանդիպման հնարավորությունը, այս փուլում այդպիսի հանդիպման անհրաժեշտություն մենք չենք տեսնում»,- ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ իրենք «քառյակի» բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացրել են կուսակցության ամբողջական տեսակետը և չկար մի հարց, որ կարող էր ասել կուսակցության լիդերը, որի մասին մենք չենք խոսել: «Մեր այո-ն այո է, իսկ ոչը՝ ոչ: Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և ավելացնելու բան չկար, ուստի այս փուլում լիդերների հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:
Աղվան Վարդանյանը նշեց, որ «քառյակի» իրենց գործընկերները անընդհատ պնդել են այդ հանդիպման անհրաժեշտության մասին, իրենք էլ առաջարկել են հանդիպել առանց ՀՅԴ-ի: ««Քառյակի» հանդիպումների ժամանակ մեր սկզբունքը եղել է այն, որ ցանկացած հարցի շուրջ օրակարգ կազմենք: Մոտեցումը եղել է նույնը՝ հստակ խնդիր ենք դնում, փորձում ենք դրա շուրջ միասնական դիրքորոշում ձևավորել և այն հարցերը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, դրել ենք քննարկման և գործնական քայլեր ենք ձեռնարկել»,-ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ «քառյակը» կազմված է տարբեր կուսակցություններից՝ տարբեր սկզբունքներով, աշխարհայացքներով և կենսագրությամբ, ուստի բոլոր հարցերի շուրջ չի կարող միասնական դիրքորոշում լինել: Վարդանյանի խոսքով՝ իրենց շատ լավ հաջողվել է օրակարգային հարցերի շուրջ համաձայնության գալ, իսկ լիդերների հանդիպման անհրաժեշտություն իրենք չեն տեսել: «Եթե նրանք տեսել են այդ անհրաժեշտությունը, թող հանդիպեն, քննարկեն, որևէ խնդիր չեմ տեսնում»,-ընդգծեց նա: