Հայկական ստարտափերը փորձում են դուրս գալ տեղական փոքր խնդիրներ լուծելու շրջանակից ու կենտրոնանում են գլոբալ ծրագրերի վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

 

Նրա խոսքով' Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագիրն (STEP) առաջանցիկ քայլեր է գրանցել' ունենալով ինչպես քանակական, այնպես էլ որ ակական փոփոխություններ: «Ուրախալի է այն, որ առկա է քանակական աճ, կան ծրագրեր, որոնք պատրաստ են ներկայացվելու նմանատիպ մրցույթներին, որտեղ ոչ միայն գնահատվում է գաղափարը, այլև, թե որքան է այն իրատեսական ու թիմի կողմից իրականանանալի:

 

Կարևոր է, որ թիմը կարողանա համոզել, որ կարող է աշխատանքն առաջ տանել»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը' հավելելով, որ ծրագրի ութ տարիների ընթացքում թիմերը լուրջ են մոտենում ծրագրին ու լավ են պատրաստվում, ոչ թե ուտոպիսական գեղեցիկ գաղափարներով են ներկայանում, շուկաներն են ուսումնասիրում, շատերը նախատիպեր ունեն:

 

«Մենք կարողացանք մրցույթը տանել այն ճանապարհով, որ այստեղ գալիս են ոչ միայն գումար շահելու համար, այլև այն մի քայլ է մեծ ներդրումների, զարգանալու համար»,- հայտնեց Ենգիբարյանը:

 

Երբ թիմը «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրում մրցանակային տեղ է զբաղեցնում ու ստանում դրամաշնորհը, մեկ տարի շարունակ նրանց հետ աշխատանք է տարվում: «Անընդհատ հետևում ենք ծրագրերի ընթացքին, ծանոթացնում ենք ներդրողների, տարբեր շուկաների մասնակիցների հետ, ինչը նրանց համար նոր զարգացումների լուրջ հնարավորություն է:

 

Մենք տրամադրում ենք մենթորներ, ում շնորհիվ նրանք ոչ միայն Հայաստանի աչքերով են դիտարկում շուկան, այլև աշ խարհի տեսակետից, և այն տեսակետից, թե ինչ դերակատարություն կարող են ունենալ ամբողջ տեխնոլոգիական աշխարհում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Բագրատ Ենգիբարյանը:

 

Նրա տեղեկացմամբ' STEP-ի նախագծերը պետք է լինեն նորարարական տեխնոլոգիայի կամ բիզնեսի տեսանկյունից:

Իսկ ինչ է պետք «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար' պետք է ունենալ գաղափար, թիմ, որոշակի տեխնոլոգիական մոտեցում: Մրցույթին կարող են մասնակցել տարբեր երկրներից թիմեր, բայց պարտադիր պայման է, որ բիզնեսը գործի Հայաստանում:

 

Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրում մրցող նախագծերից մի քանիսի նկարագրությունը' ստորև:

 

Phototalk-ը ձայնագրություններ և լուսանկարների ստեղծման բջջային հավելված է, որը ձայնագրման, լուսանկարման և հոլովակի ստեղծման համար առաջարկում է ընդամենը մեկ գործընթաց: Phototalk-ի շնորհիվ օգտատերերը կարող են ձայնագրել և լուսանկարել ցանկացած իրադարձություն, և հավելվածը «կարտադրի» համապատասխան հոլովակ, որտեղ ձայնագրությունը սինքրոնիզացված է լուսանկարների հետ:

 

Fambox-ը հանդիսանում է ինտերակտիվ սոցիալական պլատֆորմ, որը ներմուծում է ֆիլմեր դիտելու և հանրության փոխգործակցության որակապես նոր փորձ: Այն առաջարկում է բարձրորակ ֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի, խաղերի մեծ ընտրանի և շատ ավելին ցանկացած ժամանակ, ցանկացած սարքի միջոցով: Fambox-ին յուրօրինակ է դարձնում այն, որ ծրագիրն ընձեռում է հնարավորություն «ֆիլմ դիտողների համայնքով»' ընտանիքիներով և ընկերներով, աշխարհի տարբեր վայրերից միասին ֆիլմ դիտել և իրական ռեժիմում շփվել' այսպիսով ընձեռել «հավաքվելու/հանդիպելու» հնարավորություն:

 

Ամպային տվյալների անվտանգություն: Հանրային ամպային պահեստները' DropBox, Box, Google Drive, լայնորեն օգտագործվում են անհատների և ընկերությունների կողմից: Սակայն ոչ մի ամպային պահոց չի կարելի համարել վստահելի, քանի որ, օրինակ, DropBox-ում պահված ցանկացած ֆայլ հասանելի է DropBox-ին: Առաջարկվող արտադրանքն ամպային տվյալների գաղտնագրման լուծում է' cloud encryption gateway, որն ապահովում է տվյալների գաղտնագման/ապագաղտնագրման ֆունկցիաներ, գաղտնագրման բանալիների ապահով կառավարումը անհատների ևև ընկերությունների համար: