ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջեւ համաձայնագիրը, որը շուտով կստորագրվի, թույլ կտա դյուրացնելերկուստեք աշխատանքներն ու ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնել ՊԳԿ-ի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ համագործակցության ուղղություններն արդեն նախանշված են: «Դրանք վերաբերում են անասնաբուծությանը, անասնաբուժությանը, բուսասանիտարիային, սննդի անվտանգությանը, կայուն պարենային ապահովության ծրագրերին»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր կազմակերպության հետ բավական լուրջ ծրագրեր են իրականացվում հայկական գենետիկական ռեսուրսները պահպանելու ուղղությամբ: «Հիմա տնկարան ենք հիմնում ֆիլոքսերադիմացկուն հայկական խաղողի տեսակ ստանալու համար, ինչը թույլ կտա պահպանել տեսակն ապագայում»,-նշեց նախարարը:

ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինն իր խոսքում նշեց, որ համաձայնագիրը թույլ կտա ավելի ամրապնդել եւ ընդլայնել համագործակցությունը: «Ես շատ շնորհակալ եմ գյուղատնտեսության նախարարությանը արդյունավետ համագործակցության համար: Մենք գյուղատնտեսության նախարարության հետ մշակում ենք համատեղ ծրագրեր եւ մինչ 2020 թվականը ուրվագծել ենք համագործակցության կոնկրետ ուղղություններ»,-ասաց Ռախմանինը:

Հայաստանը 1993 թվականից անդամակցում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը : 2004 թվականից կազմակերպությունն ունի իր մշտական ներկայացուցչությունը Հայաստանում: