Հայաստանն ու Գերմանիան կրթության ոլորտում բազմաթիվ փոխանակման ծրագրեր են իրականացնում: Այս մասին գերմաներեն դասավանդող ուսուցիչների համագումարի ժամանակ նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը:
«2005 թվականից մենք շատ ակտիվ փոխանակությամբ ենք զբաղված, գերմանացի աշակերտներ են գալիս Հայաստան, Գերմանիա են գալիս ձեր երկրից: Նրանք հնարավորություն ունենում շփվել իրենց տարիքակիցների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Շտեֆան Դորգերլոհը:
Նախարարը շեշտեց, որ առիթ է ունեցել շփվել հայ աշակերտների հետ և շատ է ուրախացել գերմաներենի գիտելիքների մակարդակից:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ համագումարի ընթացքում քննարկվելու են գերմաներենի դասավանդման հիմնահարցերը, և իրենք փորձելու են այնպես անել, որ Հայաստանում շատերն ուսումնասիրեն լեզուն:
«Գերմաներենի ուսուցումը Հայսատանում վատ վիճակում չէ, առաջնային հարցերից մեկն այն է, որ հավասարաչափ բաշխված չեն ուսուցում կազմակերպող դպրոցները: Պետք է քննարկենք' ինչպես անել, որ հավասարաչափ բաշխված լինեն գերմաներենի կենտրոնները»,- նկատեց նա:
«Արմենպրես»-ի հարցին' որքանով են հայ երեխաներն ու երիտասարդները հետաքրքված գերմաներենով, Մանուկ Մկրտչյանը պատասխանեց. «Ես թվեր չեմ կարող ասել, բայց այդքան շատ չեն: Օրինակ' երբ մենք միասնական քննություններ ենք կազմակերպում, 500-ից ոչ ավելի աշակերտներ են ցանկանում գերմաներեն հանձնել: Բոլորովին չես համեմատի անգլերեն ընտրած երեխաների քանակի հետ»,- ընդգծեց նա:
Սեպտեմբերի 22-27-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը: Նախարարն իր այցի ընթացքում հասցրել է լինել տարբեր մշակութային հաստատություններում, այդ թվում' այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Սեպտեմբերի 23-ին ստորագրվել է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: