«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին տարիներին կրթության ոլորտը կարծես հայտնված լինի իշխանությունների թիրախում այս բառի բացասական իմաստով: Ոլորտում կյանքի կոչված մի շարք փոփոխությունների մասին զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: Զրույցի սկզբում անդրադառնում ենք ուսուցիչների կամավոր ատեստավորմանը: Խաչատրյանը նշում է՝ կողմ է ատեստավորմանը, բայց համաձայն չէ ձևին, որով այն արվում է:
«Իմ ամենամեծ առարկություններից մեկն այն է, որ հավելավճարը շատ բարձր է, այսինքն՝ ոչ թե ուսուցիչներն արժանի չեն այդ գումարին, այլ, եթե միայն առարկայական գիտելիքի համար այդքան գումար ենք տալիս, մյուս ուսուցիչներին մյուս որակների համար փող չի մնում: Հետաքրքիր մի բան՝ միջազգային հետազոտությունները չեն հաստատում, որ առարկայական գիտելիքները մեծ արդյունք են ունենում կրթության ոլորտում: Կրթության որակի վրա ազդող 150 գործոն է դիտարկվել, առարկայական գիտելիքները 136-րդ տեղում են: Սա շատ լավ է այն ուսուցիչների համար, որոնք այդ հավելավճարը ստանում են, բայց կրթության որակի տեսանկյունից սա ոչ մի արդյունք չի տալու: Ատեստավորման գործընթացի համարյա երեք տարին լրացավ, եկեք երկու տարի էլ սպասենք, քանի որ հիմա կասեն՝ նոր է և այլն, եթե ատեստավորման հինգ տարին լրանա, կրթության որակի մեջ էական առաջընթաց կունենա՞նք, թե՞ չէ: Վերադառնանք այն ուսուցիչներին, որոնք հինգ տարի հավելավճար են ստացել, տեսնենք՝ իրենք ավելի լա՞վ արդյունք են տվել, քան մինչև ատեստավորվելը: Այսինքն՝ անցկացման ձևը, մեխանիզմը սխալ է, էլի տվեք հավելավճար, բայց ոչ այդքան»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչատրյանը:
Նշում է՝ ծրագիրը տրամաբանական չէ: «Այն ուսուցչին, որ կամավոր է ատեստավորվել, դպրոցից դուրս են հանում, իսկ նրան, որը չի գնում ատեստավորման, իրեն պահում են: Այսինքն, ուսուցիչը մասնակցել է ձեր պրոցեսին, ինչ-որ իմաստով լեգիտիմացրել ձեր նախաձեռնությունը, իրեն դուրս եք հանում դպրոցից, իսկ չմասնակցող ուսուցիչն իր համար հանգիստ ապրում է: Լավ է, որ գոնե փոփոխություններ արեցին, դուրս մնացած ուսուցիչներին շանս տվեցին: Սխալ հաշվարկ է նաև այն, որ դպրոցում ուսուցիչներ չունես, բայց եղածներին էլ հեռացնում ես»,-հավելում է մեր զրուցակիցը: Անդրադառնում ենք նաև գործընթացի հոգեբանական կողմին՝ ուսուցչին, որը չի անցնում ատեստավորումը, աշակերտները կարող են այլ աչքով նայել: «Ունենք դեպքեր, երբ մարդիկ հոգեբանական գործոններից ելնելով՝ ինքնակամ դուրս են եկել դպրոցից: Ունենք ուսուցիչ, որն ատեստավորման հենց առաջին տարում մասնակցել է դրան, ստացել անբավարար և դուրս եկել աշխատանքից, մյուս ուսուցիչը կորցրել է իր դիմորդներին, գյուղում էր բնակվում, և ամբողջ գյուղն իմացել էր, որ նա «կտրվել է» ատեստավորումից»,-ընդգծում է փորձագետը:
Հաջորդ նորամուծությունը՝ եթե երեխան սկսի դպրոց հաճախել յոթ տարեկանից, պետք է միանգամից հայտնվի իր տարիքայինների հետ նույն դասարանում: «Նախարարության քայլը գուցե հասկանալի է, բայց լավ հաշվարկված չէ: Խնդիրը հետևյալն է՝ այսօր ունենք տղաների ծնողներ, որոնք որոշում են մեկ տարի ուշ տանել երեխաներին դպրոց, որ նրանք 19 տարեկանում բանակ մեկնեն: Աղջիկների ծնողները մտածում են՝ երեխան փոքր է, մեղք է, թող մեկ տարի ուշ գնա: Նախարարությունն այս որոշմամբ ծնողների նման քայլի դեմ հակաքայլ է գտել, բայց լավ չի հաշվարկել իր այդ հակաքայլի կողմնակի էֆեկտները: Եթե երեխային ընդունեցին երկրորդ դասարան, և նա ոչինչ չգիտի, իսկ ռիսկը մեծ է, որ այդպիսի երեխաներ լինելու են, դպրոցն ամեն ինչ մի կողմ է թողնելու և մի երեխայի համար կրկնակի դասընթաց է կազմակերպելու:
Ուսուցիչը զուգահեռ առաջին և երկրորդ դասարանի ծրագրով պետք է առաջնորդվի: Պրակտիկան չեմ պատկերացնում: Աշակերտն ինչպե՞ս է կարողանալու շատ արագ առաջին դասարանի ծրագիրը յուրացնել, օրինակ՝ 1-2 ամսում այդքան տառ ու թիվ սովորել, որ գոնե հոկտեմբերից կարողանա «Մայրենիի» դասագրքով տեքստ կարդալ: Քայլերը լավ հաշվարկված չեն, խնդիրն այն է, որ նախարարությունը հիմնականում իր որոշումները կայացնում է փակ քննարկումներով, միայն լոյալ մարդկանց կարծիքները լսելով, դա պատճառ է, որ գրեթե բոլոր փաստաթղթերն անընդհատ փոխվում են, որովհետև պարզվում է, որ մի բան լավ չէին հաշվել, մտածել: Կրթության ոլորտում փաստաթղթերի փոփոխություններն այնքան են շատացել, որ նույնիսկ գլխապտույտ է առաջանում: Կրթության ոլորտում կայունություն, հանգստություն է պետք»,-շեշտում է Խաչատրյանը:
Ակադեմիական քաղաքի մասին: «Այս պահին Երևան քաղաքի կենտրոնում արդեն ունենք ակադեմիական քաղաք: Այն սփռվում է Երիտասարդական մետրոյի շուրջը: Հիմա ասում են՝ եկեք սա քանդենք, վաճառենք, վարձով տանք, որովհետև շենքերը Կենտրոնում են, «մեջը փող կա», ուսանողությանը տանենք 17-րդ թաղամաս: Առաջ ասում էին՝ տանում ենք քաղաքից դուրս, մարզերն ենք զարգացնելու և այլն, հիմա դա էլ չեղավ: Նշում են՝ բուհերը փող բերող չեն, թող շենքերն ազատեն, գնան ծայրամաս: Չկա ոչ մի համոզիչ փաստարկ, թե այդ ինչ կախարդական փայտիկ է կիրառվելու 17-րդ թաղամասում: Հետո ասում են՝ տրանսպորտային հանգույցներ ենք ստեղծում, որ մարդիկ հեշտ հասնեն այնտեղ, բայց Երևանի Կենտրոնում ունենք այդ հանգույցները, ի վերջո, մետրո կա: Հիմա վերցնում եք բուհերից այդ հեշտ հասանելի կետերը, տանում դժվար հասանելի կետ, պետք է փող ներդնեք, որ այնտեղ էլ հեշտ հասանելիություն ապահովեք:
Ինչի՞ համար եք անիմաստ փող, էներգիա ծախսում այդ բաների վրա: Պետք է եղածով բավարարվենք: Հաջորդիվ ասում է՝ Հայաստանում ոչ մի բուհ չպետք է լինի Ակադեմիական քաղաքից դուրս: Հարց՝ Սյունիքում ունենք երեխաներ, որոնք հնարավորություն չունեն Երևանում բնակվելու, չեն կարող տուն վարձակալել, այդքան հանրակացարան չեն կառուցելու, որ բոլորին ապահովեն: Սյունիքում բուհ ունես, ուսանողն իր տանն ապրելով սովորում է: Մարզերի համաչափ զարգացմա՞նն էլ ենք հարվածում: Ինչպե՞ս կարելի է ամբողջ բուհական համակարգը մի տեղ կենտրոնացնել, հակառակը՝ պետք է ցրել, որ բազմազանություն, մրցակցություն, տարբեր հնարավորություններ և շենքեր լինեն»,- ընդգծում է նա:
Կրթության փորձագետի խոսքով, եթե փորձում ենք անցյալը կարևորել, այս առումով ևս խնդրի ենք բախվելու: «Մեր ժողովրդի հիշողության մեջ Երևանի կենտրոնն ամրագրված է որպես ուսանողական և երիտասարդական կենտրոն: Դա մեր քաղաքին յուրահատուկ գեղեցկություն է տալիս, երբ քայլում ես այդ հատվածով, տեսնում ես երիտասարդներին, դա կյանքին որոշակի շունչ, լավատեսություն, հույս է տալիս: Պատկերացրեք, որ Երևանի կենտրոնում էլ երիտասարդներ չլինեն, լինելու են բիզնեսմեններ, տուրիստներ, և չի բացառվում, որ մի շարք խոշոր քաղաքների նման Երևանի կենտրոնը նաև բոմժանոց էլ դառնա: Քաղաքը կորցնելու է իր հիշողությունը, հետաքրքիր շենքերը, չեմ կարծում, որ նոր կառուցվող շենքերը դրա կեսի-կեսի չափ արժեք են ունենալու: Մեր բուհերի շենքային պայմաններն այդքան էլ վատը չեն, այս պայմաններում էլ է հնարավոր լավ աշխատել: Մեր ուսանողության թիվը նվազել է: Երբ մասնավոր բուհերի բումը եղավ 1990-ական թվականների վերջին, մեր ուսանողների թիվն անցավ 100 հազարը, հիմա ունենք մոտավորապես 70 հազար ուսանող, և թիվը շարունակաբար նվազում է»,-ասում է փորձագետը:
Ընդգծում է՝ երեսուն տարի կրթության ոլորտում ծրագրեր ենք անում: «Նախարարը փոխվում է, գալիս է հաջորդ նախարարը, ասում՝ չեմ կարող նախորդի փոխարեն պատասխան տալ, իմը պետք է անեմ: Սկսում է իր ռեֆորմը, հետո իրեն էլ են աշխատանքից ազատում, մյուսն է գալիս, ասում է՝ չեմ կարող նախորդի համար պատասխան տալ, և այդպես 30 տարվա ընթացքում ոչ մի հանգրվանում չունեցանք մի կայուն ձեռքբերում: Այն ռեֆորմները, որոնք արվում էին 1998-2000-ական թթ., այսօր հետողորմյա արվեցին: Դպրոցական խորհուրդներ, դպրոցների ֆինանսավորում, կառավարում, դրանք այն ռեֆորմներն էին, որոնք սկսվեցին 20-25 տարի առաջ, հիմա չեղյալ հայտարարվեցին, թե ուրիշ բան ենք անում: Ստացվում է, որ համակարգը փորձարարությունների դաշտ է, ամեն իշխանություն գալիս է, իր փորձարարություններն անում ու հեռանում, համակարգը վերջում ավելի է վատանում: Մտածում եմ, որ եթե այս 25 տարում կրթության ոլորտում ոչինչ չանեինք, երևի ավելի լավ վիճակ ունենայինք: Շատ լավ բաներ վնասեցինք: Իսկ բերած նորամուծություններն էլ դեռևս ոչ մի օգուտ չեն տվել: Դպրոցական և բուհական խորհուրդները ձևական են, ֆինանսավորման համակարգը և կառավարումը լավը չեն, աշակերտների արդյունքները վատն են: Անգամ նախարարությունն է այդ ամենը ֆիքսել իր զարգացման ծրագրում»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ