«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը: Նշվում է, որ արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծմամբ հնարավոր կլինի ապահովել որակյալ մասնագիտացված կրթություն՝ համապատասխան ոլորտի տարբեր ուղղություններով։ Հայաստանում հանրակրթության ավագ աստիճանում (10-12-րդ դասարաններ) արվեստի ուղղությամբ կրթության հիմքերի ապահովմանն ուղղված ուսումնական ծրագրեր իրականացվում են Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։

Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի 4-9-րդ դասարաններում սովորող երեխաները հիմնական կրթության վկայական ստանալուց հետո կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական կրթության օղակում՝ ուսումնարանում։ Հայաստանում հանրակրթության ավագ աստիճանում (10-12-րդ դասարաններ) սպայական կրթության հիմքերի ապահովմանն ուղղված ուսումնական ծրագրեր իրականացվում են միայն ռազմամարզական վարժարաններում («Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան», «Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարան»): Սպայական կրթության նախամասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են Ոստիկանության ակադեմիայում:

Հաշվի առնելով այն, որ հանրապետությունում չկան արվեստի տարբեր ուղղություններով և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, նախարարությունը առաջարկում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։ Արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի սովորողներին մատուցել որակյալ կրթություն արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում:

Ակնկալվում է, որ մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներում աշակերտների ուսուցումը կկազմակերպվի ավելի արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը: Նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեում ծախսերի ավելացման: Իրավական այլ ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: