Հայաստանի Հանրապետության մսամթերք արտադրող ընկերությունները, տարեցտարի ընդլայնելով իրենց արտադրական հզորությունները, կարող են 2015-2017 թվականներին արտահանվող մսամթերքի ծավալը 496 տոննայից հասցնել մինչև 3 հազար տոննայի՝ ապահովելով լրացուցիչ 12-13 միլիոն ԱՄՆ դոլար արտահանման ծավալների աճ: Այս մասին է վկայում «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության «ՀՀ մսամթերքի արտադրության և արտահանման աճի հնարավորությունները» թեմայով հետազոտությունը, համաձայն որի՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը հայկական արտադրության մսամթերքը կդարձնի ավելի մրցունակ ՌԴ շուկայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հետազոտության նպատակն է ներկայացնել ՀՀ մսամթերքի շուկայի ներկա վիճակը, ինչպես նաև զարգացման հնարավորությունները՝ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ և այդ ֆոնի վրա ՌԴ-ի կողմից ՀՀ-ից մսամթերքի ներմուծման սահմանափակումները մեղմելու վերաբերյալ վերջերս ընդունված որոշմամբ ու դրանից բխող հետևանքներով: 2014 թվականի նոյեմբերի 12-ից Հայաստանի մսամթերք վերամշակող 11 ընկերությունները հնարավորություն են ստացել իրականացնելու գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում Ռուսաստան:
ՀՀ մսամթերքի շուկայի միս վերամշակող ձեռնարկություններն իրենց արտադրանքը ներկայումս իրացնում են ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում, հիմնականում՝ Վրաստանում և Թուրքմենստանում, որոշակի քանակություն արտահանվում է նաև Բելառուս, իսկ 2013 թվականին 2 տոննա մսամթերք արտահանվել է նաև Շվեյցարիա:
«Վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, ՌԴ նախագահի հրամանով և կառավարության որոշմամբ, մեկ տարի ժամկետով արգելվել է մսամթերքի ներմուծումն ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, ԵՄ-ից և Ուկրաինայից: Հաշվի առնելով, որ դեպի ՌԴ ներմուծման ծավալներում այդ երկրների մասնաբաժինը մոտ 50 տոկոս է՝ կարելի է ենթադրել, որ ազատված մասնաբաժինը կստեղծի լայն հնարավորություն ինչպես շուկայի առկա խաղացողներին ընդլայնվելու, այնպես էլ նոր խաղացողների ի հայտ գալու համար: Այսպիսով, նոր հնարավորություններ կստեղծվեն թե տեղական արտադրողների համար, և թե այլ երկրների արտահանողների համար»,- նշված է հետազոտությունում:
Ընկերության կարծիքով, Ռուսաստանյան շուկա հայ արտադրողների մուտքն իր հերթին առաջ կբերի որոշակի ռիսկեր՝ կապված թե՛ հայ արտադրողների կարողությունների, թե՛ ռուսական շուկայում հայրենական արտադրանքի նկատմամբ պահանջարկի առումով: Բացի այդ, ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումների լույսի ներքո, նկատվում է ռուսական ռուբլու արժեզրկում՝ կարճաժամկետ վայրիվերումներով, որն ապագայի նկատմամբ անորոշությունների պատճառ կարող է հանդիսանալ:
Չնայած այդ ռիսկերին՝ մասնագետների կարծիքով, հայաստանյան արտահանողներն ունեն մի շարք մրցակցային առավելություններ ռուսաստանյան շուկան գրավելու համար: Բացի այն, որ ԵՏՄ անդամակցությունը ՀՀ մսամթերք արտադրողներին ազատում է մաքսատուրք վճարելուց, այն սահմանում է նաև նոր մաքսատուրքեր ոչ ԵՏՄ անդամ երկրներից այլ ապրանքներ ներմուծելու դեպքում: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի արտադրողներն իրենց արտադրությունում օգտագործում են ներմուծված հումք՝ միս: Համաձայն ԵՏՄ սակագների՝ ՌԴ-ն միս է ներմուծելու 15 տոկոս մաքսատուրքով, իսկ ՀՀ-ն, մինչև 2017 թվականը, 10 տոկոս մաքսատուրքով: Այսինքն՝ Հայաստանի արտադրողներն ավելի ցածր ինքնարժեք կարող են ապահովել և ավելի ցածր գին առաջարկել ՌԴ շուկայում, քան տեղական արտադրողները: Ինչ վերաբերում է տրանսպորտային ծախսերին, որոնք ևս ինքնարժեքի մի մասն են կազմում, ապա հաշվի առնելով ՌԴ տարածքի մեծությունը՝ ՌԴ արտադրողների համար տրանսպորտային ծախսերը կլինեն մոտավորապես միևնույն մակարդակի վրա ինչպես և հայ արտադրողներինը:
ՀՀ միսվերամշակող մի քանի ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում միս վերամշակող կազմակերպությունները լրացուցիչ կապիտալ ներդրումների կարիք ունեն ՌԴ շուկա մուտք գործելու համար: Չնայած նրան, որ կան չօգտագործված արտադրական հզորություններ՝ անհրաժեշտ է նոր կապիտալ ներդրումներ կատարել թողարկվող արտադրանքի որակը բարելավելու նպատակով: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել առաջարկվող տեսականին, ուժեղացնել նաև մարքեթինգային ներուժը:
Հայաստանի միս արտադրողների մուտքը ՌԴ շուկա առավել համակարգված կազմակերպելու եւ ոլորտի շահերը համատեղ ներկայացնելու նպատակով ստեղծվել է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, որի կարևորագույն առաքելությունն է աջակցել ՀՀ մսամթերք արտադրողներին արտաքին շուկաներում կայուն դիրք գրավելու նպատակով: Առաջին հերթին սա ենթադրում է մարքեթինգային ներուժի խմբավորում, ՌԴ շուկայի համատեղ ուժերով ուսումնասիրություն, մսամթերքի վաճառքի մանրածախ մարմինների հետ բանակցում, մսամթերքի տեղափոխման անհրաժեշտ պայմանների ստեղծում և այլն:
Հաշվի առնելով, որ ՌԴ-ն պարբերաբար վերանայում է դեպի ՌԴ ներմուծվող մսամթերքի արտադրողների նկատմամբ որակական և տեխնիկական պահանջները, ինչպես նաև այն, որ ՀՀ-ից մսամթերքի ներմուծումը դեպի ՌԴ նախկինում մի քանի անգամ արգելվել է (ինչպես օրինակ 2007 թ-ին)՝ պետք է ի նկատի ունենալ, որ այդ արգելքը կարող է նորից կիրառվել: Այդ պատճառով պետք է կանխել ՀՀ մսամթերք արտադրողների կողմից արտահանման ծավալների ուժեղ կախվածությունը ՌԴ շուկայից՝ դիվերսիֆիկացնելով արտահանման ուղղությունները և նոր շուկաներ գտնելով: Անհրաժեշտ է Հայաստանի մսամթերք արտադր ողների նորաստեղծ միության գործունեությունը հստակ պլանավորել և վերջինիս օրակարգում ներառել արտահանման նոր ուղղությունների բացահայտումը՝ ուսումնասիրելով այլ երկրներում մսամթերքի շուկաները: