Բրիտանացի հայտնի լրագրող, Կարնեգի հիմնադրամի քաղաքական վերլուծաբան Թոմաս դե Վաալը, մեկնաբանելով «Հարավային հոսք» գազային նախագծից Ռուսաստանի հրաժարումը եւ Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա նոր գազատար կառուցելու մասին Անկարայի հետ Մոսկվայի ստորագրած նոր համաձայնագիրը, հայտարարել է, որ նոր իրողությունների պայմաններում Ադրբեջանը կվերածվի Ռուսաստանի հետ Թուրքիայի մրցակցի, եւ նրա եկամուտները կնվազեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, Թոմաս դե Վաալը հայտնել է, որ «Հարավային հոսք»-ից Մոսկվայի հրաժարումը եւ Ռուսաստան-Թուրքիա նոր գազային նախագծի իրկանացման մասին որոշումը ամբողջությամբ խառնում է արեւելյան Եվրոպայի էներգետիկական քարտեզը: Փորձագետը գտնում է, որ «Հարավային հոսք»-ի չիրականացումից կտուժեն նաեւ Բուլղարիան ու Սերբիան:
Լրագրողի կարծիքով' գործընթացների նոր վերադասավորումից կշահի Թուրքիան, որն ավելացնելով մատակարարվող ռուսաստանյան գազի ծավալները, կամրապնդի իր էներգետիկ ապահովվածությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի գործոնին' Թոմաս դե Վաալը նշել է, որ եթե 5 տարի հետո, ինչպես ծրագրված է, իրականանա TANAP (Անդրանատոլիական գազատար) եւ TAP (Անդրադրիատիկ գազատար) նախագծերով Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազը հարավային Եվրոպա փոխադրելու Ադրբեջանի պլանը, ապա այն կվերածվի Ռուսստան-Թուրքիա նախագծի մրցակցի:
«Սակայն, Եվրոպայի ուղղությամբ գազի արտահանման մեջ Ադրբեջանի եկամուտները կարող են նվազել, քանի որ Ռուսաստան-Թուրքիա նախագծի մեծ լինելու պատճառով դրա իրականացման մեջ դժվարություններ ծագելու դեպքում, Ռուսաստանը կարող է իր գազը Եվրոպայի շուկաներ հանելու համար օգտվել TANAP-ից», -մեկնաբանել է նա: