«Քանի դեռ Հայաստանում իշխանությունը զբաղեցնում է ներկայիս վարչակազմը, և քանի դեռ միակ հնարավոր այլընտրանքը դիտվում է ներկայիս ընդդիմությունը, որոնք երկուսն էլ նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրի անշրջելիության վկաներն են, Հայաստանի շահերի տեսանկյունից որևէ օգտավետ զարգացում ինքնին անհնարին է: Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները, այնուամենայնիվ, ի հեճուկս տարաբնույթ և հիմնականում ապակողմնորոշող տեղեկատվությունների, միանգամայն տեղավորվում են Հայաստանի 2020թ. հետցեղասպանական ռուս-թուրքական երկրորդ մասնատման տրամաբանության մեջ»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ներկա փուլի մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:
Նա ընդգծեց, որ Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացման, զարգացման հարցում շարունակելու է միանգամայն հաշվի առնել և առաջնորդվել Ադրբեջանի դիրքորոշմամբ:
«Այսինքն՝ Ադրբեջանը պետք է լիովին և համընդհանուր կերպով համաձայն լինի, որպեսզի յուրաքանչյուր հայ-թուրքական նախնական պայմանավորվածություն Թուրքիայի կողմից հաստատվի և կյանք կոչվի: Այս հարցում և′ Թուրքիայի, և′ Ադրբեջանի դիրքորոշումները միանգամայն պարզ են. նրանք պահանջում են հայոց իրավատիրությունից, ցեղասպանության հետևանքների վերացման հայեցակարգից, բոլոր ազգային և անվտանգային իրավունքներից հրաժարվել և հանձնել թուրք-ադրբեջանական ողորմածությանը»,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր վերածվում է Ռուսաստանի և հետզհետե Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդի, բայց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար անընդունելի է և մերժելի, որ Մինսկի խմբի ձևաչափը ռուս-թուրքական պայմանավորվածությամբ շրջանցվել է:
«Քանի որ և′ Ֆրանսիան, և′ հատկապես ԱՄՆ-ն սեփական հեղինակությունը միջազգային կառույցներում չափազանց բարձր են գնահատում, պատահական չէ, որ այս անգամ նաև Հայաստանի և ԱՄՆ-ի դեսպանները կրկին խոսել են Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների հնարավորության մասին: Այսինքն՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են պնդել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է շարունակվել, պատերազմից հետո անգամ լինել արդյունավետ ղարաբաղյան հարցի քննարկման և կարգավորման համար: Մինչդեռ, մյուս կողմից, մենք քաջ գիտենք, որ Ռուսաստանն ու Ալիևը բազմիցս ամենաբարձր պաշտոն ներկայացնողների մակարդակով ասել են, որ Մինսկի խումբը մեռած է, անցել է պատմության գիրկը: Հիշում ենք նաև այն տխրահռչակ և հայաստանակործան «3+3» ձևաչափը, որը, բարեբախտաբար, Վրաստանի մերժմամբ՝ դարձել է «2+3», որից Հայաստանը շարունակում է առնվազն պաշտոնապես չհրաժարվել: Այնպես որ, ես այստեղ նոր և հուսադրող գործընթաց չեմ նկատում»,-նշեց Քանանյանը:
Այն հարցին, թե արդյոք էական նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, թե դա արարողակարգային բնույթ է կրում, Քանանյանը պատասխանեց.
«Ամեն դեպքում, ԱՄՆ-ի կարգավիճակը և ողջ աշխարհում ունեցած կշիռն այնպիսին է, որ անգամ արարողակարգային կամ ձևականորեն ասվող խոսքը շատ ավելի արդյունավետ է, քան փոքր և առավել թույլ երկրների կտրուկ քայլերը: Սակայն մյուս կողմից՝ չեմ կարծում, որ այս խոսքերը կարող են դրական արդյունքի հանգեցնել մոտ ապագայում, որովհետև այս պահին Ադրբեջանը դեռևս բավականին հարմար կերպով տեղավորված է և′ Թուրքիայի հովանու, և′ ռուս-թուրքական պայմանավորվածությունների ներքո»:
Նրա խոսքով՝ այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը կտապալվի Ուկրաինայում, այնտեղ կփոխվի իշխող վարչակազմը, և Արևմուտքը կկարողանա գործնականում կայսերազերծել Ռուսաստանի Դաշնությունը, միայն դրանից հետո Արևմտյան երկրները, եթե առ այդ լինի քաղաքական կամք, կզբաղվեն Էրդողանի նեոօսմանական կայսերապաշտ հավակնությունների զսպմամբ: Եվ միայն այն ժամանակ, երբ Էրդողանի ՆԱՏՕ-ամետությունը ուկրաինական ճգնաժամի հարցում կդադարի օրակարգային լինել Արևմուտքի համար, միայն այդ ժամանակ թերևս առավել խիստ ճնշումներ կամ առավել գործնական ճնշումներ կգործադրվեն և‘ Թուրքիայի, և′ Ադրբեջանի վրա, որպեսզի համաշխարհային մակարդակով այնպիսի երրորդական կարևորություն դիտվող հարց, ինչպիսին Արցախի հայաբնակության և հայ ռազմնագերիների վերադարձի խնդիրն է նոր կարող է օրակարգ մտնել: