Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը վերաբերում է առաջին հերթին երկրի անվտանգությանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

 

«Սա վերաբերում է մեր երկրի թե' ռազմական, թե' տնտեսական անվտանգությանը, հատկապես էներգետիկ ռեսուրսների առումով: Մենք կողմ ենք քվեարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին' հաշվի առնելով ինչպես այս, այնպես էլ այլ կարևորագույն գործոններ: Հայկական սփյուռքի մեծ մասն ապրում է հենց Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, սա հնարավորություն է տալիս Հայաստանին դիրքավորվել Եվրասիական տնտեսական միության շուկայում և իր ուրույն դերն ունենալ տնտեսական այդ տարածքում»,- նշեց պատգամավորը:

 

Շահգելդյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ եվրոպացի գործընկերները Հայաստանի առջև դռները չեն փակել և պատրաստ են շարունակել համագործակցությունը: Պատգամավորը նկատեց, որ Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից և կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: