Ռուսաստանը կշարունակի օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ փոխընդունելի համաձայնության հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին Բազելում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԵԱՀԿ -ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:

 

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վաղեմի ու բարդ գործընթաց է,-ասել է նախարարը:-Վստահ եմ, որ մենք եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մեր գործընկերներն առաջվա պես կօգնենք Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հասնելու փոխընդունելի համաձայնության»:

 

Լավրովը նշել Է, որ ՌԴ-ն արդեն մի քանի տարի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների հետ միասին զբաղվում Է այն բանով, որ ընդհանուր հայտարարի բերի այդ հիմնախնդրի նկատմամբ մոտեցումները, որպեսզի «հնարավոր լինի համաձայնության գալ տարածքային ամբողջականության հարգման, ուժի չկիրառման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման ամրագրված սկզբունքների իրագործման շուրջ»:

 

«Դա շատ բարդ գործընթաց Է, բայց այն շարունակվում Է»,-հավելել Է նախարարը: «Ինչ վերաբերում Է պատանդների հիմնախնդրին, մենք շատ լուրջ ենք դրան վերաբերվում,-ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարը:-Ես այժմ չեմ կարող տեղեկատվություն տալ կոնկրետ դեպքերի վերաբերյալ, քանի որ նման տեղեկատվություն չունեմ, բայց մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ բոլոր պատանդներն ազատվեն, փոխանակվեն»:

 

Նախարարը հիշեցրել Է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ 2010 թվականին Աստրախանում կայացած գագաթնաժողովում ընդունվել Է այդ հիմնախնդրին նվիրված հայտարարություն: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարտավորվել են ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա պատանդառման դեպքում կատարել նրանց փոխանակում, իսկ եթե կան սպանվածներ, փոխանակել նրանց մարմինները: «Հուսով եմ, որ այդ հայտարարությունը կողմերի գործնական քայլերում հաշվի կառնվի այդ տարածաշրջանի շփման գծում»,-ասել Է Լավրովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: