Թուրքիա-Հունաստան Բարձր մակարդակի համագործակցության հանձնաժողովի հավաքին մասնակցելու համար Աթենքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հույն գործընկեր Անտոնիս Սամարասի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Անկարան վճռական կամք ունի շարունակելու Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները մոտ ժամանակում լուծում գտնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Դավութօղլուն Աթենքում հանդիպել է նաեւ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի հետ:

 

Դավութօղլուն Աթենքում հայտարարել է, որ Հունաստանն ու Թուրքիան մոտ 15 տարի ընթացող փոխադարձ հարաբերություններում «մեծ հաշվով արդեն հաղթահարել են հոգեբանական շեմը», եւ այժմ անցնում են երկու երկրների միջեւ բարի դրացիական, այդ թվում' տնտեսական համագործակցության հարաբերությունների:

 

«Մեր ընդհանուր նպատակը Կիպրոսի վերամիավորման խնդրի լուծումն է, ինչի համար Անկարան վճռական կամք ունի հարցին մոտ ժամանակում լուծում գտնելու համար կղզու երկու համայնքների միջեւ բանակցությունները շարունակելու գործում», -ասել է Դավութօղլուն:

 

Նշվում է, որ Թուրքիայի վարչապետը Հունաստան էր ժամանել կառավարության 9 նախարարների հետ:-