Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ազդակ կլինի, որ ԵՄ-ում խոսեն Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' նկատելով, որ Հունաստանի խորհրդարանում քվեարկվելիք Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը գուցե ընդհանուր ազդակ չի տա այլ երկրներում պատիժ սահմանող օրինագծերի ընդունման համար, սակայն, եթե Հունաստանի խորհրդարանը կողմ քվեարկի օրինագծին, ապա առաջիկա ամիսների ընթացքում' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, կրկին կխոսեն դրա մասին:

 

«Խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո լուրջ աշխատանք ունեն կատարելու հայ պատմաբաններն ու դիվանագետները, ովքեր պետք է Եվրամիության այլ երկրներին հասցնեն ազդակը, որ ոչ միայն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը այլեւ դրա ժխտումը քրեականացնող օրինագիծ մշակեն: Օրինագծի ընդունումը պետք է ազդակ լինի նաեւ Հայաստանի խորհրդարանին, որպեսզի մեր օրենսդիրներն էլ մտածեն Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչելու մասին: Պետք է խոսեն ասորիների եւ հույների ցեղասպանության մասին, ոչ միայն արդարություն հաստատելու համար, այլ նաեւ, որ հերքեն թուրքական թեզն այն մասին, որ 20-րդ դարի սկզբին կոտորել են հայերին, որովհետեւ հայերը համագործակցում էին ռուսական բանակի հետ: Եվ խոսելով հույների, եզդիների, ասորիների ցեղասպանության մասին, Հայաստանն առաջին հերթին կհերքի այդ թեզն ու կապացուցվի, որ Թուրքիայում գործում էր հստակ ծրագիր' բնաջնջե լ քրիստոնյա ժողովուրդներին»,-ընդգծեց թուրքագետը:

 

Եթե Հունաստանի խորհրդարանում օրինագիծն ընդունվի, ապա այն կարող է լուրջ ազդակ հանդիսանալ նաեւ ՄԻԵԴ-ի համար' թե’ սպասվելիք թուրք ազգայնական Դողու Փերինչեքի, թե’ հետագա այլ գործերում, որպեսզի ցեղասպանության ժխտման համար բանտարկությունը չդիտարկվի որպես խոսքի ազատության սահմանափակում:

 

«Իհարկե Հունաստանը ԵՄ-ում առաջատար պետություն չէ եւ դիրքեր չի թելադրում, սակայն օրինագծի ընդունումը հավելյալ կռվան է, որ պետք է օգտագործել ՄԻԵԴ-ում»,- ասաց Շաքարյանը' հավելելով, որ ՄԻԵԴ-ը շատ ավելի լուրջ մարտադաշտ է, քան որեւէ երկրի խորհրդարանի օրինագիծը կամ որեւէ երկրի նախագահի ելույթը: «ՄԻԵԴ-ը ստեղծում է նախադեպ եւ եթե Դողու Փերինչեքը վերջնականապես հաղթի, սա շատ ավելի մեծ ռազմավարական պարտություն է Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, քան որեւէ այլ հարց»,- ասաց Շաքարյանը' հավելելով, որ Հայոց ցեղասպանություն ը հանցագործություն է եւ խնդրի կարգավորումը ոչ թե պատմաբանների, այլ իրավաբանների գործն է:

 

Այս հարցում նա կարեւորեց միջազգային իրավունքի մասնագետների դերը, որոնք Հայաստանում այնքան էլ շատ չեն, ովքեր կարող են հայկական հարցը ըստ արժանվույն պաշտպանել ՄԻԵԴ-ում: «Մենք պետք է փորձենք մեր լոբբինգային ներուժը ներդնել, որպեսզի պատրաստենք իրավաբանների, որպեսզի միջազգային մակարդակում կարողանան ներկայացնել հայկական հարցն ու հաղթանակած դուրս գալ»,- ասաց Շաքարյանը:

 

Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը կկայանա երեքշաբթի' սեպտեմբերի 9-ին, Հունաստանի ժամանակով 19:00-ին: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի: Հայկական համայնքի հետ հանդիպումների ժամանակ պարզվել է, որ խորհրդարանի մեծամասնությունը կողմ է օրենքի ընդունմանը:

 

Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ապրիլի 24-ը ճանաչել հիշատակի օր: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարությունը 3 խոշոր քաղաքներում կազմակերպում է հիշատակի միջոցառումներ: