Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է պոլսահայ հայտնի լրագրող Էթյեն Մահչուփյանին իր գլխավոր խորհրդական նշանակելու հարցին, ինչը քննարկման թեմա է դարձել թուրքական ազգայնական շրջանակներում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Դավութօղլուն ասել է. «Էթյեն Մահչուփյանին խորհրդական եմ նշանակել ոչ նրա հայկական ինքնության համար: Նա իսկական մտավորական է' իրապես խղճի տեր մարդ: Նա լինելու է Հանրապետության պատմության մեջ պետական համակարգում բարձրաստիճան պաշտոն ստացած անձ»:

 

Դավութօղլուն հավելել է, որ այդ նշանակումը պետք է դիտել որպես Թուրքիայի «բարենորոգման գործընթացի» շրջանակում արված քայլ: Նրա խոսքով' քրդական խնդրի լուծման գործընթացի տակ իրականում միայն քրդական հարցը չի դրված: «Նախկինում պետությունը ասորիներին, հայերին, ուղղափառ հույներին, ալեւիներին իրեն պոտենցիալ սպառնալիք էր տեսնում: Պետությունը հարկադրված է հաշտվել նրանց բոլորի հետ»,- ասել է թուրք վարչապետը:

 

Էթյեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու Դավութօղլուի քայլը խստորեն քննադատել էր, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն» (ASIMDER) թուրքական ազգայնական կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը, եւ կոչ արել նրան' «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանել» եւ հրաժարվել որոշումից:

 

64-ամյա Էթյեն Մահչուփյանը Թուրքիայում առաջին ոչ մահմեդականն է, ում նման բարձր պաշտոն է վստահվել: