Ուրուգվայ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերություններին, դրանց պատմական կապերին, երկկողմ օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին, Մոնտեվիդեոյում ՀՀ, իսկ ավելի վաղ Երևանում Ուրուգվայի ռեզիդենտ դեսպանության բացման միջոցով երկու բարեկամ երկրների միջև գործընկերությանը նոր խթան հաղորդելու մտադրություններին:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները:

Որպես խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը խոսել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասների մասին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրմանը:

Աղբյուր' Փաստինֆո