Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով: