Հայրենիքի հանդեպ պարտքը կատարող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց որդիների զորամասեր՝ տեղում հանդիպելու իրենց զավակներին, նրանց ծառայության պայմաններին ծանոթանալու համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ աջակցությամբ 2013թ. իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում հայրենիքին իրենց պարտքը տվող երևանցի զինծառայողների ծնողները կրկին անգամ հնարավորություն կունենան զորամասերում տեսակցել իրենց զավակներին: 950 զինվորների ծնողներին ճանապարհելու արարողությանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին և Երևանի քաղաքապետին նախ զեկուցեցին, որ ծրագրում ընդգրկված 950 զինվորների ծնողներից 700-ինը քիչ հետո կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակարետ, Մարտակերտ և Հադրութ ուղղություններով, ինչպես նաև Կապան և Մեղրի: Դեկտեմբերի 6-ին 250-ի ծնողներ կմեկնեն Տավուշի, Սիսիանի, Գորիսի և Քարվաճառի ուղղություններով: Բոլոր ավտոբուսներում ծնողներն ապահովված են համապատասխան սնունդով, ինչպես նաև բուժանձնակազմով:
Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել դեռևս 2013թ. մեկնարկած ծրագիրը: «Մենք այսօր նորից հնարավորություն ենք ընձեռել, որ ծնողներն այցելեն սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այս 2 տարիների ընթացքում ծրագրի իրականացման համար մենք ստանում ենք նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությունը:
Ես շնորհակալություն եմ հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զորամասերի այն պատասխանատուներին, ովքեր հնարավորություն են տալիս մեր երևանաբնակ զինծառայողների ծնողներն այցելել իրենց որդիներին, տեսնել, թե ինչ պայմաններում են ծառայում նրանք, այդ մեկ օրն անցկացնել իրենց որդիների հետ: Եթե համեմատություն տանենք 2013թ. հետ, ապա կտեսնենք, որ այս տարի ծրագրի շրջանակներում իրենց որդիներին այցելող ծնողների թիվը կրկնապատկվել է: Եթե նախորդ տարվա ընթացքում ընդամենը 1000 ծնող հնարավորություն ստացավ օգտվել այս ծրագրից, ապա այս տարի թիվը կրկնապատկվել է»,- ընդգծեց նա:
Տարոն Մարգարյանը նշեց նաև, որ քաղաքապետարանը պայմանավորվածություն ունի ԼՂՀ ՊԲ հրամանատարի հետ, որպեսզի երևանցի այն զինծառայողները, ովքեր ծառայության ընթացքում իրենց լավ են դրսևորել, աչքի են ընկել օրինակելի ծառայությամբ 5 օրով արձակուրդի իրավունք ստանան: «Արդեն 500 զինծառայող 5 օրով եկել են արձակուրդ, և սա նույնպես շարունակական է լինելու: Ես որպես քաղաքապետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել, որ հաջորդ տարիներին էլ մենք կիրականացնենք այս ծրագիրը և տարվա մեջ երկու անգամ ծնողներին հնարավորություն կտանք այցելել հանրապետության սահման ամերձ գոտիներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծառայող իրենց զավակներին»,- նշեց Մարգարյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս ծրագիրը նպաստում է, որպեսզի բանակ-հասարակություն կապն էլ ավելի ամրապնդվի: «Գիտեք, որ մեր հաջողության գրավականը բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում համագործակցությունն է: Մենք այդ հարցում համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների, բանակի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և այն տեղերում: Ընդհանրապես, զորամասերում ծնողների ներկայությունն անհրաժեշտություն է, և մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետի և նրա աշխատակազմի այս նախաձեռնությունը՝ յուրաքանչյուր տարի ծնողներին իրենց հնարավորությունների շրջանակներում ուղարկել զորամասեր»,- նշեց նա:
Նախարարն ընդգծեց, որ նման միջոցառումներ իրականացնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Վերջին տարիներին մենք բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացնում, ծնողների հետ հանդիպումներ ենք կազմակերպում զորամասերում, քաղաքապետարաններում և մարզպետարաններում, ինչի շնորհիվ էլ ավելի ենք ամրապնդում բանակ-հասարակություն կապը: Գիտեք, որ ժամկետային զինծառայություն ունեցող երկրներում՝ կապված դժվարությունների և ռեժիմային կյանքի հետ, կարող են առաջանալ նաև խնդիրներ, իսկ այսպիսի հանդիպումների կազմակերպման արդյունքում, հատկապես, որ հիմա մենք զորամասերում ունենք ծնողների խորհուրդ, որոնց միջոցով ծնողները հնարավորություն են ունենում պարբերաբար հանդիպել իրենց զավակների հետ, հնարավոր է լինում թեթևացնել այդ խնդիրները»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013թ. հունվարի 28-ին՝ բանակի օրվա կապակցությամբ և, հաշվի առնելով հանրության շրջանում ծրագրի պահանջվածությունը, այդուհետ դարձել է պարբերական: