Նիդերլանդների Բոքսմիր քաղաքի իշխանությունները դեմ են դուրս եկել հայ ընտանիքին արտաքսելու կառավարության որոշմանը եւ շարունակելու են ֆինանսապես օժանդակել ընտանիքին, որը զրկվել է փախստականի կարգավիճակից, երբ հայրը խոստովանել է, որ 15 տարի առաջ թաքցրել է իսկական ինքնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով' Dutch News լրատվական կայքը, Հովսեփ Խաչատրյանը, ով այժմ երկու երեխա ունի, խոստովանել է, որ ստել է իր ինքնության մասին, երբ 1999 թվականին 16 տարեկանում տեղափոխվել է Նիդերլանդներ:

 

Տեղի բնակիչները բողոքի ակցիան են սկսել արտաքսման հրամանի դեմ' նշելով, որ սխալ է դուրս անել երկու երեխա ունեցող և հոլանադական հասարակությունում լավ ինտեգրված ընտանիքին: Փախստականի կարգավիճակից զրկվելու պատճառով Խաչատրյանը կորցրել է նաև աշխատանքը: Բոքսմիրի քաղաքային խորհուրդը որոշել դուրս գալ կառավարության քաղաքականության դեմ և ամսական 1250 եվրո գումար տրամադրել ընտանիքին: «Մի քանի տարի առաջ ոստիկանի վրա հարձակվելու համար դատապարտված լինելու փաստը չի ազդի որոշման կայացման վրա»,- ասել է քաղաքապետ Կառել վան Սոեսթը:

 

Միաժամանակ Volkskrant թերթը հայտնում է, որ արտաքսման հրամանն արձակելիս արդարադատության կրտսեր նախարար Ֆրեդ Տիվեն հաշվի է առել Խաչատրյանի դատվածությունը: