Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի վերանայման շրջանակում հանցագործության իրագործման ժամանակաշրջանում Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության C բաժանմունքի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ Դինքի սպանության աղբյուրը «Էրգենեկոն» գործով անցնող պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքն է:
Նա նաեւ ասել է, որ Դինքի սպանությունը կազմակերպվելու մասին հետախուզական տեղեկություն ստանալուց հետո ինքը գրություն էր ուղարկել Ստամբուլի ոստիկանության տնօրինության պահպանության հանձնաժողովին, որը հետախուզական աշխատանք չի անցկացրել, եւ ավելին, Ստամբուլի ոստիկանության տնօրինությունը թաքցրել է այն թերությունը, որը կապված էր Օսման Հայալին հարցաքննության ենթարկելու վերաբերյալ կեղծ տեղեկանքի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, դատախազի այն հարցին, թե ինչո՞ւ Դինքի սպանության գործը չմիացվեց «Էրգենեկոն» դատական գործին, Յըլմազերն ասել է. «Բոլորը գիտեն, որ այդ սպանության աղբյուրը Վելի Քյուչյուքն է: Հանրության մեջ տարածված մի համոզմունք կա, որ Հրանտ Դինքին սպանած համակարգը սպառնալիք է այս երկրին: Ես դուրս եկա այդ համակարգի վրա:
Բացահայտածս տարրերի մասին տեղեկացրեցի Ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործություննե րի բաժնի տնօրինությանը: Հարցաքննություն անցկացնելը նրանց պարտականությունն է: Այնտեղ այդ փաստարկների ապացուցում չկատարվեց», -ասել է Յըլմազերը:
Հարցաքննության ժամանակ Յըլմազերը նշել է այն անձանց անունները, ովքեր Դինքի սպանությունը կազմակերպելու մասին տեղեկությունը ստանալուց հետո պետք է զբաղվեին այն կանխելու, խմբագրապետին պահպանելու հարցերով: Նրանց մեջ Յլըմազերը նշել է Տրապիզոնի ոստիկանության այն ժամանակվա պետ Ռամազան Աքյուրեքի, հետախուզական վարչության փոխնախագահ Նեջմեթին Էմրեի, բաժնի ղեկավար Թաներ Բյուլենթ Դեմիրելի, հետախուզական վարչության պետ Սաբրի Ուզունի անունները:
Յըլմազերը հավելել է, որ ինքը տեղյակ է եղել այն ժամանակ Հրանտ Դինքի նկատմամբ իրագործվելիք հնարավոր գործողությունների մասին, սակայն, այդ թեմայի հետ կապված այնպիսի վտանգավոր մթնոլորտ էր ստեղծված, որ ինքը վախեցել է ինքնակամ խորանալ այդ հարցում: Նա նաեւ նշել է, որ ինքն անձնական պատասխանատվություն չի կրում կատարվածի հարցում:
Դատախազի այն հարցին, որ այն դեպքում, երբ հայտնի է, որ մինչ սպանությունը Հրանտ Դինքի նկատմամբ սպառնալքիներ են արվել, ինչու՞ է ինքը իր ստորագրությամբ փաստաթուղթ ուղարկել դատարան, թե նման բանի առկայության մասին իրենք ոչ մի գրություն չունեն, Յըլմազերն ասել է. «Դա կազմել են իմ գործընկերները, դե ես էլ ստորագրել եմ: Ես այդպես եմ հիշում»:
Պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչյուքը ազգությամբ ադրբեջանցի է: Նա հայտնի է իր հայատյաց գործունեությամբ: Դինքի սպանությունից հետո մինչ սպանության կազմակերպիչներից Յասին Հայալի ձերբակալությունը, Քյուչյուքը նրան ժամանակավորապես թաքցրել էր Ադրբեջանում:
Վելի Քյուչյուքը բազմաթիվ թուրք պաշտոնաթող գեներալների եւ գործող բարձրաստիճան զինծառայողների հետ ձերբակալվել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով «Էրգենեկոն» կոչված դատական գործի շրջանակում: Մի քանի տարի տեւած դատաքննությունից հետո թուրքական «արդար ադատությունը» չեղյալ է հայտարարել այդ գործը եւ մնացած գեներալների հետ ազատ արձակել նաեւ Վելի Քյուչյուքին:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան առջեւ: