Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։ Վերջինս հայտնել է, թե մարմնական վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ իրականում նրան այդ վնասվածքը պատճառվել է 2014թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև գյուղի «Կենցաղի տան» շենքի հարակից տարածքում անձնական բնույթի հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ.դեկտեմբերի 7-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Տուժող Արման Մանգասարյանի և կասկածյալի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: