Սիրիայում ՀՀ դեսպանության և Դամասկոսի համալսարանին կից լեզուների բարձրագույն ինստիտուտի և հայոց լեզվի ուսուցման նորաբաց բաժնի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 7-ին «Լեզուներն ու քաղաքակրթությունները» խորագրով միջոցառման շրջանակում մեկնարկել են հայկական մշակույթի օրերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման արարողությանը մասնակցում էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի համալսարանի ռեկտոր Մուհամադ Հասան ալ Քուրդին, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:

 

Ցուցահանդեսային մասում ներկայացված էին հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ Արևալագիտության ֆակուլտետի հրատարակությունները, հայկական տարազները, Մատենադարանի մանրանկարչության և արաբալեզու ձեռագրերի նմուշները:

 

Բացման արարողությունից հետո Դամասկոսի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների առջև դասախոսությամբ հանդես եկավ դեսպան Արշակ Փոլադյանը՝ «Արևելագիտությունը Հայաստանում» և «Հայաստանն արաբական միջնադարյան պատմա-աշխարհագրական հուշարձաններում» թեմաներով:

 

Դեսպանը հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում արևելագիտության, հատկապես արաբագիտության նվաճումներին, արաբալեզու սկզբնաղբյուրների ուսումնասիրությանը' կարևորելով հայկական մշակույթի օրերի դերը հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում:

 

Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև Հայաստանում արևելագիտության մասին ճանաչողական և Սիրիայում ՀՀ դեսպանության ու սիրիական հեռուստատեսության ջանքերով պատրաստած «Հայաստանը երեկ և այսօր» տեսաֆիլմերը:

 

Հայկական մշակույթի օրերի շրջանակներում ներառված են դասախոսություններ հայոց լեզվի և գրականության թեմաներով, ինչպես նաև տեսաֆիլմեր Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին: Միջոցառումները շարունակվելու են մինչև դեկտեմբերի 14-ը: