Անցնող օրն ամփոփ՝  ըստ  «Mediamall.am»  լրատվականի.





Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է

 

 

Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

 

2014 թվականի դեկտեմբերի 7-ին' ժամը 03:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Չարենցավանի մի բնակիչ և հայտնել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:

 

Նշված ահազանգի հիման վրա' Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի 22/23 բնակարանում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ, շրջապատում Արթուր անունով հայտնի, 1975թ. ծնված Արծրուն Իսրայելյանի դիակը՝ գլխի շրջանում վնասվածքներով:

 

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Սպանության կասկածանքով 2014 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ազարյանը: Նույն օրը' ժամը 05:50-ին, վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ: Կասկածյալը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժածի և կասկածյալի հագուստները, որոնք նրանց հագին եղել են դեպքի ժամանակ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

***

 

 

Երբ իշխանությունն ու ընդդիմությունը դադարում են գոյություն ունենալուց

 

 

Գուցե արտաքուստ, ուղղակի կամ անմիջական կապ գոյություն չունի անցյալ շաբաթ խորհրդարանում կատարված երեք իրադարձությունների միջև: Բայց դրանց գոնե ենթագիտակցական կապն ակնհայտ է, տեսանելի, որովհետև բոլոր զարգացումները կատարվում են քաղաքական նույն տարածքում, միջավայրում՝ միևնույն հերոսների և դերակատարների մասնակցությամբ:

 

Պատահական չէ, որ նախագահին պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ստորագրած երկու պատգամավորները՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը,Նիկոլի հետ միասին՝ այն յոթ խորհրդարանականների շարքերում էին, ովքեր դեմ քվեարկեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նույն տրամաբանությամբ՝ պատահական չէ, որ այս երկու հարցում համերաշխ, միակարծիք ու ներդաշնակ էին իշխանությունն ու այսօրվա ընդդիմությունը:

 

Հենց սա է հայաստանյան ներքաղաքական կյանքի, պայքարի այսօրվա գլխավոր առանձնահատկությունը: Երկրի համար գլոբալ, առանցքային հարցերում չկա, բացակայում է որևէ բանավեճ, դիսկուրս, իշխանության ու հարթակային ընդդիմության ներկայացուցիչների փաստարկները գրեթե նույնն են՝ մոտիվացիայի ու մտածողության առումով:

 

Հենց այս պատճառով է,որ այսօրվա ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին անընդհատ խոսում է, բայց գործնականում նրա պաշտոնանկությանը չի ձգտում, որովհետև համարում է, որ մեծ իմաստով, գլոբալ առումով, նախագահի ընտրած քաղաքականությունը, երկրի զարգացման հեռանկարը ճիշտ են, ու եթե նույնիսկ ընդդիմանալու խնդիր կա, ապա ոչ թե քաղաքականությանը, այլ դրա առանձին էպիզոդների, մարտավարությանը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Կոմիտասի պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել

 

 

Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի վերջնամասում՝ նորակառույց եկեղեցուն հարակից պուրակում (փոսի մեջ), հայտնաբերվել է անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կիսակառույց եկեղեցուն հարակից պուրակից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի:

 

 

***

 

 

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

 

 

Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

***

 

 

ԼՂՀ ՊԲ­-ն դիվերսիոն գործողություն է կանխել

 

 

Ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը:

 

«Արմենպրես»­-ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել և հակառակորդը 5-­7 զոհ է տվել: Հայկական կողմը զոհեր չունի, սակայն գործողությունների ժամանակ մեկ զինվոր է վիրավորվել:

 

 

***

 

 

Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

 

 

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակեց դատավճիռը: Այսպիսով' Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը:

 

Ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վիգեն Գևորգյանը, Վահագն Խաչատրյանը դատապարտվեցին 5,5 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելին, քան մոտ 261 միլիոն դրամը: Այս մասին գրում է yerkir.am-ը:

 

Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին 4-4,5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, սակայն դատարանը, կիրառելով Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման տեսքով պատիժը չեղյալ համարեց՝ նշանակելով պայմանական ազատազրկում՝ 1 տարի փորձաշրջանով:

 

Հիշեցնենք, որ գործով անցնող ամբաստանյալները մեղադրվում են 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու մեջ: Համաձայն մեղադրողի' ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամ:

 

 

***

 

 

Հետաքննությունը խնդրում Է երկարաձգել Լեւոն Հայրապետյանի տնային կալանքը

 

 

Հետաքննությունը դատարանին խնդրում Է երկարաձգել «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքը, սույն հարցը դատարանը կվճռի դեկտեմբերի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:

 

«Դատարանում ստացվել Է հետաքննության միջնորդությունը տնային կալանքի տեսքով Հայրապետյանի խափանման միջոցը երկարաձգելու մասին: Դատարանը սույն միջնորդությունը կքննարկի դեկտեմբերի 10-ին»,- ասել Է Ֆադեեւան:

 

Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խմբին «Բաշնեֆտի» վաճառքի հետ առնչություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել Է երեք տարի: Նրան առաջադրվել են փողերի յուրացման եւ լվացման մեղադրանքներ: Դատարանն այս գործի շրջանակներում կալանք Է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի՝ 300 միլիոն ռուբլու փաթեթի վրա:

 

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում Էր Մոնակոյում: Այս փաստով Էլ հետաքննությունը հիմնավորել Է քննչական մեկուսարանում նրա բանտարկության անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին նրան փոխադրել են տնային կալանքի:

 

«Բաշնեֆտի» վաճառքի հետ կապված քրեական գործի առավել բարձրաստիճան ֆիգուրանտը «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խմբի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն Է՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Այժմ նա գտնվում Է տնային կալանքի տակ, ընդ որում հետաքննությունն սկզբնապես հասավ խափանման այդ միջոցի ամենախիստ պայմանների, իսկ հետո դատարանին խնդրեց Եվտուշենկովին թույլ տալ գնալ աշխատանքի եւ շփվել գործընկերների հետ, բայց մերժում ստացավ:

 

 

***

 

 

Ադրբեջանը շարունակում է հայտնել բանակում կրած իր կորուստներիր մասին

 

 

Ադրբեջանը սկսել է հայտնել իր կողմից կատարված դիվերսիոն գործողության արդյունքում կորուստների մասին' չնշելով դրա իրական պատճառը եւ միջադեպը ներկայացնելով որպես տարբեր ժամնակներում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով SalamNews լրատվական գործակալությունը, Աղստաֆայի շրջանում ադրբեջանական բանակի 4 զինծառայողներ մոտ ժամը 18-ին, «Աղստաֆա-Սադըխլը ավտոմոբիլային ճանապարհի Սալօղլու ավանի մոտ ՃՏՊ-ի են ենթարկվել, որի արդյունքում նրանցից 3-ը վիրավորվել են»:

 

Նշվում է, որ «Մերսեդես» ավտոմեքենան, որը վարում էր Բիլասուվարից Աղաջաֆար Մամեդ օղլու Նուրիեւը, կորցրել է կառավարումը եւ շրջվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի մեջ գտնվող, Մինգեչաուրից 23-ամյա Իլ գար Հասանովը, Ֆիզուլիից' Խալադդին Ռուստամովը եւ Աղստաֆայից, 28-ամյա Էլշան Ալլահմանովը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղստաֆայի շրջանի կենտրոնական հիվանդանոց:

 

«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունն էլ հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ ավտոմեքենայով ականի վրա պայթել են Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ: Արտակարգ պատահարի արդյունքում ստացած վերքերից մահացել է Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղից զինծառայող, երկու երեխաների 35-ամյա հայր Գոշգար Գուրբանովը: Նույն շրջանի Խանըգլար գյուղից զինծառայող Էշգին Շահբալիեւը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստի առնչությամբ դեռեւս լռություն է պահպանում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ժամանակին չի հրապարակում բանակում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերի մասին' փորձելով կոծկել դրանք:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 85 զինծառայող, 121 զինծառայողներ էր վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

 

***

 

 

Դանակահարություն Տաթևում. կասկածյալը ձերբակալվել է

 

 

Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։ Վերջինս հայտնել է, թե մարմնական վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

 

Պարզվել է, որ իրականում նրան այդ վնասվածքը պատճառվել է 2014թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև գյուղի «Կենցաղի տան» շենքի հարակից տարածքում անձնական բնույթի հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ.դեկտեմբերի 7-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։
Տուժող Արման Մանգասարյանի և կասկածյալի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: