Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղական ժամանակով ժամը 09:00-ից ուժի մեջ է մտնում «Անդորրի օրը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել են Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունում, Հրադադարի ռեժիմի հսկողության եւ կոորդինացման համատեղ կենտրոնի ղեկավարները «պայմանավորվածության են հասել զինադադարի պայմանների շուրջ, որը պետք է ուժի մեջ մտնի դեկտեմբերի 9-ին տեղական ժամանակով ժամը 09:00-ին»:

 

Մարտական գործողությունների յուրատեսակ մորատորիում սահմանելու մտադրության մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նախաձեռնությունը ողջունել են նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները:

 

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոյի խոսքով՝ «Անդորրի օրն» անհրաժեշտ է, որպեսզի տրվի Մինսկի պայմանավորվածությունների կատարման մեկնարկը, այսինքն՝ սկսվի ծանր սպառազինությունների հետքաշումը, գերիների ազատումը, ականային արգելափակոցների վերացումը եւ տարածաշրջանի ապառազմականացումը: Ուստի դեկտեմբերի 9-ին պլանավորված է նաեւ այսպես կոչված Զինադադարի միավորված կենտրոնի ներկայացուցիչների հերթական հանդիպումը, որտեղ, ինչպես սպասվում է, կստորագրվի տեխնիկական փաստաթուղթ, որը կսահմանի ծանր սպառազինությունների հետքաշման հարցում կողմերի գործողությունների հստակ կարգը:

 

Այս ֆոնին վերջին օրերին կողմերը ավելի ու ավելի ակտիվորեն են խոսում Մինսկում Շփման խմբի շրջանակներում բանակցությունների նոր փուլ անցկացնելու հնարավորության մասին:

 

Սկզբում նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկեց այն նույնպես անցկացնել դեկտեմբերի 9-ին: Նույն օրը Դենիս Պուշիլինը հանդիպման ամսաթիվ առաջարկեց դեկտեմբերի 12-ը, իսկ նախօրյակին հայտարարեց, որ այն «կկայանա այս շաբաթ այն բանից անմիջապես հետո, երբ Կիեւը կհաստատի օրակարգը, որի նախագիծն այժմ քննարկվում է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: